Հրանտ Բագրատյանը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից որպես հետնորդ առաջադրվելու կարիք չունի. ՀՀՇ անդամ

Արդյոք ԱԺ ընտրություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից իր մանդատը Հրանտ Բագրատյանին թողնելը նշա՞ն էր, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքականությունից հեռանալուց հետո որպես իր հետնորդ կնշի Հրանտ Բագրատյանի անունը: Այսօր կայացամ մամլո ասուլիսում լրագրողներից մեկն այս հարցն ուղղեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանին: Ի պատասխան` վերջինս նախ ասաց, որ, իր կարծիքով, Լևոն Տեր-Պետրոսյանը չի հեռացել քաղաքականությունից:

«Չառաջադրվելը դեռ չի նշանակում, որ ինքը հեռացավ: Շատերը չեն առաջադրվել, ես էլ չեմ առաջադրվել, բայց ես քաղաքականության մեջ կմնամ շատ ակտիվ: Երկրորդը` չեմ կարծում, որ Հրանտ Բագրատյանը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից որպես հետնորդ առաջադրվելու կարիք ունի: Հրանտ Բագրատյանն ինքը, որպես քաղաքական գործիչ, հայտնի է և ամենադժվար ժամանակներում եղել է ՀՀ վարչապետ և հիմա էլ խորհրդարանում ցույց է տալիս իր պրոֆեսիոնալիզմը»,- ասաց Հ.Իգիթյանը:

Լրագրողներից մեկը նաև հետաքրքրվեց, թե արդյոք առաջադրված թեկնածուները ջո՞ւր են լցնում գործող նախագահի ջրաղացին:

«Ես հասկանում եմ` ում մասին եք դուք խոսում: Եթե խոսքը գնում է Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի մասին, ապա ես չեմ գտնում եմ, որ նրանք որևէ ձևով` առաջադրվելով կամ չառաջադրվելով, կարող էին այս իշխանությանը օգնեին: Հակառակը` նրանք միշտ դժվարություններ կստեղծեն այս իշխանության համար»,- ի պատասխան ասաց ՀՀՇ-ականը:

Իսկ հարցին` եթե ՀԱԿ-ը չի մասնակցում ընտրություններին, ինչո՞ւ չի բոյկոտում այն, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց, որ բոյկոտելը շատ ավելի դժվար է, քան սեփական թեկնածուին անցկացնելը. «Բոյկոտը միայն չառաջադրվելը չէ, բոյկոտ նշանակում է, որ դու այնքան ուժ ունես, որ կարողանում ես հասարակության մեծամասնությանը համոզել, որ այն, ինչ կատարվում է, սխալ է»:

«Իսկ եթե բոյկոտ չկա, ինչո՞ւ ՀԱԿ-ը չի աջակցում Հրանտ Բագրատյանի թեկնածությանը»,- հարցրեցին պարոն Իգիթյանից:

«Ես չգիտեմ` ով ում է աջակցելու: ՀԱԿ-ի մասին ինձ հարցեր մի տվեք, ես ՀՀՇ վարչության անդամ եմ»,- պատասխանեց նա:

Լրագրողներից մեկը նկատեց, որ ՀՀՇ-ն ՀԱԿ-ի մաս է կազմում:

«Ո´չ, ՀԱԿ-ի մաս չենք կազմում: ՀԱԿ-ին անդամակցելը երկրորդական է: ՀՀՇ-ն մինչև ՀԱԿ-ը եղել է կուսակցություն, և ես հուսով եմ, որ ՀԱԿ-ից հետո էլ կմնա կուսակցություն»,- պատասխանեց Հովհաննես Իգիթյանը:

Տեսանյութեր

Լրահոս