Մեքսիկական դատարանը հրաժարվել է փրկել Մեխիկոյում գտնվող Հեյդար Ալիևի հուշարձանը
Ռուսական Regnum լրատվական գործակալությունը, վկայակոչելով Cronica-ին, հայտնում է, որ Մեքսիկայի դաշնային վարչական դատարանը մերժել է Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանատան ներկայացրած բողոքը, որում ադրբեջանական կողմը փորձում էր հասնել Մեխիկոյում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի հնարավոր ապամոնտաժման արգելքին:
Այդ հուշարձանը նախորդ ամառ կանգնեցվել է Մեխիկոյի կենտրոնական զբոսայգում, որի վերանորոգման աշխատանքների վրա ադրբեջանական կողմը ծախսել է մոտ 5 միլիոն դոլար: Սակայն Հեյդար Ալիևի հուշարձանի տեղակայումը հարուցել էր տեղի իրավապաշտպանների բողոքը:
Ոչ վաղ անցյալում այդ քննադատությանը միացել էր նաև կառավարության ներկայացուցիչը՝ հայտարարելով, որ բռնապետի հուշարձանը պատիվ չի բերում Մեխիկոյին: 2012 թվականի նոյեմբեի վերջին փորձագիտական հանձնաժողովը քաղաքային իշխանություննեին խորհուրդ էր տվել Հեյդար Ալիևի հուշարձանը Մեխիկոյի կենտրոնական զբոսայգուց տեղափոխել մեկ այլ տեղ, քանի որ Հեյդար Ալիևը չպետք է գտնվի Մահաթմա Գանդիի, Աբրահամ Լինքոլնի և Մեքսիկայի ազգային հերոսների կողքին:
Սակայն Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանատունը դեմ է հանդես եկել Հեյդար Ալիևի հուշարձանի ապամոնտաժման փորձերին: Դեսպանատունը հայտարարել է, որ Հեյդար Ալիևի հուշարձանն այդ զբոսայգում տեղակայվել է տեղական իշխանությունների ու ադրբեջանական դեսպանատան միջև կնքված համաձայնագրով, որը պետք է պահպանել:
Դեսպանատունը սպառնացել է, որ եթե ապամոնտաժվի Ալիևի հուշարձանը, ապա դա կհանգեցնի Ադրբեջանի ու Մեքսիկայի փոխհարաբերությունների կտրուկ վատթարացմանը, այդ թվում նաև ներդրումների կատարման դադարեցմանը և ադրբեջանական դեսպանատան փակմանը: