Մարտին Շուլցը հուսով է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կստանա իր համապարփակ կարգավորումը
Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. «Հակամարտող բոլոր կողմերը պետք է ջանքեր գործադրեն հակամարտության լուծման ուղղությամբ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը պետք է շարունակվի: Հայաստանի ու Ադրբեջանի կառավարություններին կոչ եմ անում խուսափել ամեն տիպի հայտարարություններից ու քայլերից, որոնք կուժեղացնեն լարվածությունն ու կհանգեցնեն իրավիճակի էսկալացիային: Ես հուսով եմ, որ հակամարտությունը կստանա իր համապարփակ կարգավորումը, ինչը կերաշխավորի խաղաղություն, կայունություն ու բարգավաճում:
Մինչև 1945 թվականը Եվրոպայում չի եղել առանց պատերազմների ու զինված հակամարտությունների որևէ օր, սակայն ԵՄ-ի ստեղծման շնորհիվ պատերազմները դուրս եկան մարդկանց մտածելակերպից: Մենք հուղարկավորեցինք անցյալի ուրվականներին և պարզեցինք մեր ձեռքը՝ ի նշան հաշտության:
Ես վստահ եմ, որ հետագայում Կովկասում նույնպես կլինի այդպես: Համագործակցությունն ու բարեկամությունը առավելություն են տալիս բոլորին, մինչդեռ հակամարտությունները միայն վնաս են պատճառում»: