
Պեկինում կառուցվելիք նոր օդանավակայանը կարժենա ավելի քան 11 միլիարդ դոլար

The China Daily-ի փոխանցմամբ՝ Չինաստանի իշխանությունները հաստատել են Պեկինում նոր օդանավակայանի կառուցման նախագիծը: Օդանավակայանի կառուցումը գնահատվում է 70 միլիարդ յուան (11.2 միլիարդ դոլար): Այն իր առաջին ուղևորներին կընդունի 2018 թվականին, իսկ ողջ հզորությամբ կգործի մինչև 2025 թվականը:
Չինաստանի մայրաքաղաքում նոր օդանավակայանի կառուցումը պայմանավորված է նրանով, որ հին օդանավակայանն աշխատում է ուժերի գերլարմամբ, իսկ Պեկինում մշտապես շարունակվում է ուղևորների ներհոսքի աճը: Ներկայիս դրությամբ Պեկինի օդանավակայանն ուղևորներին ընդունելու քանակով աշխարհում երկրորդն է՝ զիջելով միայն Ատլանտայի օդանավակայանին: 2011 թվականին Պեկինի օդանավակայանն ընդունել է ավելի քան 81 միլիոն ուղևորի:
Նոր օդանավակայանն ի վիճակի կլինի ընդունել մինչև 70 միլիոն ուղևոր: Կանխատեսվում է, որ այն ունենալու է 7 թռիչքուղի, որոնցից 6-ը գործածվելու են քաղաքացիական, իսկ 1-ը՝ ռազմական նպատակներով: Նոր օդանավակայանը Պեկինի կենտրոնի հետ կապ ունենալու նպատակով կառուցվելու է 37 կիլոմետրանոց երկաթուղի, և քաղաքի կենտրոնից հնարավոր կլինի կես ժամում հասնել նոր օդանավակայան: