«Դուք ոնց որ թե օլիգարխ չեք». ՀՀՇ-ականը` ՀՀԿ-ական պատգամավորին
Այսօր հրավիրված մամլո ասուլիսում ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը և ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը խոսեցին գալիք նախագահական ընտրությունների մասին: ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանն անդրադարձավ իշխանության վարած քաղաքականությանը` նշելով.
«Թվեր չասենք և չգնանք Ահարոն Ադիբեկյանի ճանապարհով` տոկոսներ հայտարարենք, որովհետև իր տոկոսները, անկախ նրանից, որ ինքը սոցիոլոգիան համարում է ճշգրիտ գիտություն, չեն համապատասխանում իրականությանը այն պարզ պատճառով, որ հասարակության 75 տոկոսը չի կարող սիրել կոռուպցիան, անօրինականությունը, լկտիությունը և անգրագիտությունը, որը տիրում է թե´ ԱԺ-ում, Թե Հանրապետական կուսակցության ներսում և կառավարությունում»:
Հովհաննես Իգիթյանը հիշեցրեց նախորդ տարվա սեպտեմբերի 15-ի կառավարության հայտնի նիստը, որտեղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դժգոհություն հայտնեց կառավարության գործունեությունից: «Դե, եթե ինքն է դժգոհ, ո՞ւր մնաց հասարակությունը, որն ամեն օր իր կաշվի վրա այդ ամեն ինչը զգում է և տեսնում է, թե ինչպես մի փոքր Հայաստանում, որը չունի զարգացած շուկա, մարդիկ հարստանում են շատ ավելի արագ տեմպերով, քան այդպիսի շուկաներ ունեցող երկրներում»,- ասաց ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը:
Իսկ Արտակ Զաքարյանը իր հերթին, ի պատասխան իշխանության հասցեին հնչած մեղադրանքներին, ասաց. «Ընդդիմության մեջ գործող երեք հիմնական քաղաքական ուժերը հրաժարվեցին պայքարից, սա արդեն բոլորովին այլ քաղաքական հարթության քննարկման խնդիրներ, որովհետև նաև հասարակության հետ ունեին խնդիրներ, ոչ ճիշտ հաշվարկների արդյունքում էին…հասարակությանը պետք չէ միայնակ թողնել, առնվազն իշխանությունը միշտ հասարակության կողքին է լինում:
Այս պարագայում կարծում եմ, որ 6-րդ նախագահական ընտրությունները, որը մենք պետք է անցկացնենք, իրենց բովանդակությամբ լինելու են բացառիկ լավ ընտրություններ` համեմատության մեջ ունենալով նախորդ բոլոր ընտրությունները և լինելու են հասարակություն-իշխանություն երկխոսության նոր հարթակ»:
Ի պատասխան սրան` Հովհաննես Իգիթյանն ասաց. «Ես օպտիմիստներին սիրում եմ ընդհանրապես, բայց ես խնդրում եմ նաև տալ դրա հիմքերը, որովհետև ես նայում եմ, որ ոչինչ չի փոխվել, այսինքն՝ նույն ձեր կուսակցության օլիգարխները պետք է նույն գումարը ծախսեն այս ընտրությունների ժամանակ, ինչպես նրանք արեցին 2008թ. ընտրություններին և վերջին խորհրդարանական ընտրություններին: Նույն մարդիկ ղեկավարում են ձեր շտաբը: Որևէ մարդ, ով գոնե հասարակության և լրագրողների կողմից մատնանշվում և մեղադրվում էր կեղծիքների մեջ, չի պատժվել: Եվ, ի վերջո, այն մարդը, ով այդ բոլոր կեղծիքները սվաղում էր և ներկայացնում էր օրինական, դա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն է, ինքն էլ նույնիսկ չփոխվեց: Այսինքն որտեղի՞ց մենք պետք է այդ հավատն ունենանք, որ Հայաստանում մենք առաջ ենք շարժվում»:
Դիմելով Արտակ Զաքարյանին` Հովհաննես Իգիթյանը ավելացրեց. «Եթե չեմ սխալվում, Դուք 6 կամ 7 տարի աշխատել եք պետական գնումների գործակալությունում, և արտաքին հարաբերությունների ոլորտը Ձեզ համար նոր է: Ես զարմանում եմ` Դուք ոնց որ թե օլիգարխ չեք, ես Ձեր մասին համարյա ամեն ինչ գիտեմ: Եթե օլիգարխ լինեիք, Ձեզ հանձնաժողովի նախագահ չէին նշանակի, որովհետև հանձնաժողովի նախագահը պետք է աշխատի, այլ ոչ թե գնա և ձևացնի, որ բիզնես չի անում: Դուք աշխատել եք պետական գնումներում և գիտեք այդ ոլորտի բոլոր անցքերը: Ձեր կուսակցության անդամները հայտարարում են տենդերները, Ձեր կուսակցության անդամները շահում են այդ տենդերները, և ստացվում է, որ միլիարդավոր դրամներ հենց այնպես ուռճացվում գնում են: Հինգ տարի՞ է անհրաժեշտ սա փոխելու համար»: