
Ավիգդոր Լիբերմանը կարող է լքել քաղաքականությունը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի նախկին արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ կարող է լքել քաղաքականությունը, եթե իրեն մեղավոր ճանաչեն մեքենայությունների ու փողերի «լվացման» մեջ: Այս հայտարարությունը նա արել է «Բանակային ռադիոյին» տված հարցազրույցի ժամանակ:
Լիբերմանը վստահություն է հայտնել, որ մոտ ժամանակներս ամեն ինչ կարգավորվելու է և իրեն արդարացնելու են: Լիբերմանը 2012 թվականի դեկտեմբերին լքել էր փոխվարչապետի պաշտոնը՝ ընդգծելով, որ անելու է իրենից կախված ամեն ինչ՝ իր բարի անունը վերականգնելու համար:
Նշվում է, որ Լիբերմանի հետ կապված ֆինանսական սկանդալն ունի ավելի քան տասնամյա վաղեմություն:
Հիշեցնենք, որ Լիբերմանն Իսրայելի արտգործնախարար է հանդիսացել 2009-2012 թվականներին և կտրականապես դեմ է հանդես եկել 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարա» միջադեպի կապակցությամբ Թուրքիայից պաշտոնապես ներողություն խնդրելուն: