Խոշոր ավտովթար Լոռու մարզում. կան վիրավորներ
Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Ամրակից գյուղի հատվածում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ Սեյրան Խաչիկյանի վարած «ԳԱԶ 2410» մակնիշի 36 ՕՕ 816 համարանիշի և Լոռու մարզի Նորաշեն գյուղի բնակիչ Արայիկ Բաղդասարյանի վարած «Շևռոլետ Նիվա» մակնիշի 12 ՕՍ 303 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի՝ Ստեփանավան քաղաքի բնակիչներ 63-ամյա Հենզել Ջանջուղազյանը, 57-ամյա Սոֆա Ոսկանյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ 42-ամյա Դավիթ Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի 1-ին դասակի հրամանատար Սլավիկ Կարապետյանի գլխավորությամբ: Վթարի վայրում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ հետաքննիչ Դավիթ Խանաղյանը:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Ստեփանավանի բաժնի հատուկ պահպանման տարածք: