Իրանը զորավարժությունների ժամանակ փորձարկել է նոր զինատեսակներ
Իսրայելական Mig News-ի փոխանցմամբ՝ իրանական ԶԼՄ-ները շարունակում են հրապարակել ոչ վաղ անցյալում անցկացված զորավարժությունների վերաբերյալ իրանցի զինվորականների գնահատականների մասին նյութեր: Խոսքը գնում է Իրանի ռազմածովային ուժերի անցկացրած «Վելայաթ 91» և Իսլամական հեղափոխության պահակազորի «Մեծ մարգարե 7» զորավարժությունների մասին:
Իրանցի բրիգադի գեներալ Մոհամադ Ռեզա Նագիդին այդ զորավարժությունները որակել է որպես Իրանի զինված ուժերի հզորության խորհրդանիշ: Գեներալի խոսքերով՝ այդ զորավարժությունները համայն աշխարհին ի ցույց դրեցին Իրանի զինված ուժերի հզորությունն ու ուժը: Այդ զորավարժություններում իրանական նավատորմն ու Իսլամական հեղափոխության պահակազորի օդային դեսանտը հաջողությամբ ու անսխալ փորձարկել են նոր զինատեսակներ:
«Վելայաթ 91» զորավարժություններն անցկացվել են 2012 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2013 թվականի հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում, Հորմուզի նեղուցում, Օմանի ծոցում ու Հնդկական օվկիանոսում: «Մեծ մարգարե 7» զորավարժություններն էլ անցկացվել են Իրանի արևելյան հատվածում: Դրանցում փորձարկվել են տասնյակ հրթիռներ, այդ թվում նաև «Շահաբ 1», «Շահաբ 2», «Շահաբ 3», «Հալիջ-ե Ֆարս», «Ֆաթեհ-110», «Գիյամ», «Տոնդար» և «Զելզյալ»: