Հայտնի են դարձել «Ոսկե գլոբուս» մրցանակի հաղթողների անունները
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Լոս Անջելեսի «Բևերլի Հիլթոն» հյուրանոցում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուս» մրցանակի հանձնման 70-րդ արարողակարգը, որում հայտարարվել են այդ հեղինակավոր կինո մրցանակի դափնեկիրների անունները:
Լավագույն դրամատիկական ֆիլմ է ճանաչվել Բեն Աֆլեկի «Օպերացիա «Արգո»» ֆիլմը, որը պատմում է 1979 թվականի նոյեմբերյան իրադարձությունների մասին, երբ Իրանում Իսլամական հեղափոխությունը հասել էր իր գագաթնակետին, և իսլամիստները գրոհել են Թեհրանում ԱՄՆ դեսպանատունն ու պատանդ են վերցրել 52 ամերիկացու: Այս ֆիլմը նաև արժանացել է «լավագույն ռեժիսուրա» կինո մրցանակին:
«Լավագույն տղամարդու դեր» անվանակարգում հաղթել է Դենիել Դեյ-Լյուիսը՝ «Լինքոլն» ֆիլմի համար, իսկ «Կնոջ լավագույն դեր» անվանակարգում՝ Ջեսիկա Չեստեյնը՝ «Թիրախ համար մեկ» ֆիլմի համար: «Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում հաղթել է Թոմ Հուփերի «Մերժվածները» ֆիլմը՝ ստեղծված Վիկտոր Հյուգոյի նույնանուն վեպի հիման վրա, իսկ տվյալ ժանրում լավագույն դերասան է ճանաչվել Հյու Ջեկման:
«Լավագույն երկրորդ դեր» անվանակարգում հաղթել է Քրիստոֆ Վալցը՝ «Ազատված Ջանգո» ֆիլմի համար, որը ստացել է «լավագույն սցենար» մրցանակը: «Լավագույն մինիսերիալ կամ հեռուստատեսային ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Խաղը փոխվել է» ֆիլմը, որում հանդես է եկել դերասանուհի Ջուլիանա Մուրը:
«Օտար լեզվով լավագույն ֆիլմ» է ճանաչվել «Սեր» ֆիլմը, իսկ «Լավագույն կատակերգային սերիալ» է դարձել «Աղջիկներ» ֆիլմը: