Վերջին 5 տարվա ընթացքում անհատական համակարգիչների վաճառքը տոներին առաջին անգամ նվազել է
Տոներին անհատական համակարգիչների վաճառքն ամբողջ աշխարհում վերջին 5 տարիների ընթացքում առաջին անգամ նվազել է: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում կատարելով IDC ընկերության շուկայի մասնագետներին: 2012թ.-ի չորրորդ եռամսյակում վաճառվել է 89.8 մլն PC, որը 6.4%-ով քիչ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
Ցածր ցուցանիշները պայմանավորված են այն հանգամանքով, որ Microsoft Windows 8 նոր օպերացիոն համակարգը սպառողների համար բավարար հրապուրիչ չթվաց: Արդյունքում, գնորդներից շատերը նախընտրեցին գնել պլանշետներ և սմարթֆոններ:
Նախկինում Microsoft-ի նոր օպերացիոն համակարգերը կարծես առաջ էին մղում համակարգիչների վաճառքը: Այդուամենայնիվ, Windows 8-ը վերջին 20 տարվա ընթացքում դարձավ ամենահեղափոխական արտադրանքը, որը վախեցրեց շատ գնորդների, որոնք սովոր չէին այդ ինտերֆեյսին:
«Անհաջող» եռամսյակը վճռորոշ դարձավ ողջ տարվա համար, այնպիսի արտադրողների համար, ինչպիսիք են՝ Hewlett Packard-ը, Dell-ը և Lenovo-ն: Միևնույն ժամանակ նոր տարին խոստանում է նրանց համար լինել ավելի հաջողակ, քանի որ Windows 8-ն ամրապնդել է իր դիրքերը շուկայում:
2012թ.-ին վաճառվել է 352 մլն անհատական համակարգիչ, որը 3.2%-ով քիչ է, քան 2011թ.-ին: IDC ընկերության կանխատեսումներով՝ 2013թ.-ին համակարգիչները կվաճառվեն 2.8%-ով ավելի շատ:
Որոշ վերլուծաբաններ, այդուամենայնիվ, նշում են, որ մարդիկ հակված չեն իրենց PC-ները թարմացնելու, ներկայումս մարդն իր համակարգիչը փոխում է միջինում 10 տարին մեկ անգամ, և ոչ թե՝ 5 տարին մեկ, ինչպես նախկինում էր: Զարգացող երկրներում գնորդները ներկայումս առաջահերթ գնում են սմարթֆոն, ոչ թե անհատական համակարգիչ: