Տղամարդուն դաժանաբար մասնատած մարդասպանը տեղափոխվեց Նուբարաշենի բանտ (տեսանյութ)
Երեկ՝ հունվարի 12-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դռնփակ դատական նիստ էր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարան էր բերվել Կուրղինյան փողոցի 15 շենքի 10-րդ բնակարանի բնակիչ, սակայն փաստացի Դալմայի այգիներ այգեգործական տարածքի կիսակառույց տնակում բնակվող, 52 ամյա Սերգո Երեմյանը:
Դատարան էր դիմել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի քննիչ Արամ Այվազյանը, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Ս. Երեմյանի նկատմամբ, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՐ. ՕՐ-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Դատավոր Հրաչյա Հովհաննիսյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց քննիչի միջնորդությունը, ինչից հետո Ս. Երեմյանը ոստիկանների հսկողությամբ՝ ձեռնաշղթայված, տեղափոխվեց ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հունվարի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում, Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կյուրղինյան 3 հասցեի դիմաց, այգու մեջ տղամարդու դի կա:
Հունվարի 10-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների ժամանակավոր պահման վայր տեղափոխվեց Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 15 շենքի 10-րդ բնակարանում հաշվառված 52 ամյա Սերգո Երեմյանը, ով սպանության հեղինակն է եղել:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ս. Երեմյանը նախկինում դատապարտված է եղել ԽՍՀՄ քրեական օրենսգրքի 99 հոդվածի (դիտավորյալ սպանություն ) հատկանիշներով և կալանքից ազատվել է 1996 թվականի սեպտեմբերին: