
Ստամբուլում ռումբ են նետել թերթի հրատարակչատան վրա

Ստամբուլի Բաղչըլար թաղամասում անհայտ անձը ձայնային ռումբ է նետել փոքրամասնությունների նկատմամբ ատելություն սերմանող սկանդալային թուրքական «Ենի Աքիթ» թերթի հրատարակչության շենքի վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»` վկայակոչելով թուրքական «Միլիեթ» թերթը, թերթի հրատարակչությունում ռումբը պայթել է հունվարի 11-ի ուշ երեկոյան: Չնայած պայթյունը ոչ մեծ գույքային վնաս է հասցրել, սակայն, այն վախեցրել է շրջակա շենքերի բնակիչներին, ովքեր սարսափած դուրս են նետվել բնակարաններից: Ստամբուլի ոստիկանությունը փորձում է հրատարակչության տեսախցիկների միջոցով բացահայտել ռումբը տեղադրած եւ պայթեցրած անձին:
Հիշյալ պարբերականը հայտնի է հակահայկական և այլ թեմաներով թուրքական հասարակության մեջ ատելություն և թշնամանք սերմանող հրապարակումներով: