Մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կա 6 վիրավոր
Այսօր` հունվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 78-րդ կմ-ի հատվածում Թալին-Մաստարա գյուղի ճանապարհին բախվել են Գյումրի քաղաքի բնակիչ, 37-ամյա Բաբկեն Բաբայանի վարած «Օպել» մակնիշի 34 ՍՏ 563 համարանիշի եւ Շիրակի մարզի Կրաշեն գյուղի բնակիչ, 27-ամյա Աղաս Մանուկյանի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի 05 ՍՏ 488 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդներն ու 4 ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Արսեն Մատինյանը եւ Հարություն Խաչատրյանը:
Տեղում են նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզի Թալինի հրշեջ փրկարարական խումբը` 1 մարտական հաշվարկով:
Ժամանել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Թալինի քննչական բաժանմունքի քննիչը: Վթարի պատճառ է նաեւ այն, որ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին ոստիկանությունը պարզել է հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 2-ի ինքնությունը:
Նրանք են «ԳԱԶ 3110»-ի ուղեւորներ Աղվան եւ Ալիսա Մանուկյանները: Ոստիկանությունը պարզում է «Օպելի» մեջ եղած եւ հիվանդանոց տեղափոխված 2 վիրավոր անձանց ինքնությունը: