Իրանից Հայաստան են արտանետել 10 փաթեթ «ափիոն»

Սահմանի փշալարերի վրայով Իրանից Հայաստան արտանետված երկու փաթեթ ափիոնը չեն կարողացել գտնել գիշերվա մթության պատճառով: Արդյունքում այն հայտնվել է ոստիկանների մոտ։

Ափիոնը նախատեսված է եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող Գորիս քաղաքի բնակիչների համար։ Այսպես, քրեական գործի նյութերի համաձայն, Գորիս քաղաքի բնակիչ Վրեժ Ալավերդյանը նույն քաղաքի բնակիչ Լևոն Շալունցի առաջարկով և նրանից առանձնապես խոշոր չափերի` շուրջ 20 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց անհատույց, ապօրինի ձեռք բերելու ակնկալիքով, փորձել է օժանդակել Շալունցին և Արթուր Մովսիսյանին մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների ապօրինի ձեռք բերմանը։ Մասնավորապես 2012 թ. փետրվարի 10-ի երեկոյան նա պետք է աջակցեր Ագարակ քաղաքի՝ Իրանի և Հայաստանի պետական սահմանի 2-րդ ուղեկալի 9-րդ տեղամասին հարող տարածքում ոմն Բենիկի կողմից մաքսային հսկողությունից թաքցնելով՝ իրանական կողմից Հայաստան արտանետված, առանձնապես խոշոր չափերի՝ 1 կիլոգրամ «ափիոն» և խոշոր չափերի՝ 16,35 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներն իրացնելու նպատակով ձեռք բերելուն:

Սակայն, մեղադրական եզրակացության համաձայն, նրանք չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել իրենց կամքից անկախ պատճառներով։ Խնդիրն այն է, որ արտանետված թվով 10 փաթեթներից երկուսը՝ ընդհանուրը շուրջ 200 գրամ «ափիոնի» պարունակությամբ, գիշերային պայմաններում չեն կարողացել հայտնաբերել։ Դրանցից մեկը՝ 97,1 գրամ «ափիոնի» պարունակությամբ հայտնաբերել են ոստիկանները նշված տարածքում, իսկ 2-ը՝ ընդհանուրը 190,7 գրամ «ափիոնի» պարունակությամբ, արտանետման արդյունքում հայտնվել են սահմանային փշալարի հակառակ կողմում: Դրանք նույնպես հայտնաբերվել են ոստիկանության աշխատակիցների կողմից։

Մնացած թվով 6 փաթեթները, ընդհանուրը՝ առանձնապես խոշոր չափերի՝ 488,85 գրամ «ափիոնի» և խոշոր չափերի՝ 16,35 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ, Արթուր Մովսիսյանի հետ միասին թաքցրել են ուղեկալի 9-րդ տեղամասի տարածքում՝ հետագայում վերցնելու նպատակով, բայց Արթուր Մովսիսյանը ոստիկանների պահանջով նույն օրը դրանք ներկայացրել է։

Նախաքննական նյութերի համաձայն, Լևոն Շալունցը ոչ միայն զբաղվել է թմրամիջոցներ ձեռք բերելով, այլ նաև իրացնելով։ Մեղադրական եզրակացության համաձայն, դատապարտյալ Սիմոն Գրիգորյանը 2011 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, իր ընկեր Արման Ղազարյանի հետ նախնական համաձայնությամբ, իրենց գործածման համար, առանձնապես խոշոր չափերով «ափիոն» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու դիտավորությամբ Լևոն Շալունցին փոխանցել են 3500 ԱՄՆ դոլար, որի դիմաց ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ րնդհանուրը շուրջ 400 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց։

Սիմոն Գրիգորյանի մասնաբաժինր կազմող նույն թմրամիջոցից շուրջ 50 գրամն Արման Ղազարյանր ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի արգելապատից նետելով հիմնարկի տարածք՝ փոխանցել է այնտեղ պատիժը կրող դատապարտյալ Սիմոն Գրիգորյանին, որը հետագա ամիսներին գործածել է այն, իսկ մնացած քանակությունը, քրեական գործի նյութերի համաձայն, նույն ժամանակահատվածում գործածել է Արման Ղազարյանը։

Արթուր Մովսիսյանին և Լևոն Շալունցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերի (վերջինիս նաև` 2-րդ մասի), 268-րդ և 34-266-րդ հոդվածների 3-րդ մասերի, 34-268-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 38-215-րդ հոդվածի 2-րդ մասի, Վրեժ Ալավերդյանին` 34-38-266-րդ և 34-268-րդ հոդվածների, իսկ Սիմոն Գրիգորյանին` 268-րդ և 34-268-րդ հոդվածների հատկանիշներով:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս