Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունվարի 21-ին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի է 14-ի նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացնելու է ՀՀ Նախագահի թեկնածուների գրանցումը:

ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրություններին գրանցման ենթակա են առաջադրված այն թեկնածուները, ովքեր ԿԸՀ ներկայացրել են գրանցման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, եթե, իհարկե, մինչև գրանցումն ինքնաբացարկ չեն հայտնել:

Հիշեցնենք, որ նախապես առաջադրված 15 թեկնածուներից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել են 8-ը` ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, անկուսակցականներ` հասարակական կարգով «Փախստականների և միջազգային իրավունքի» բարեգործական հասարակական կազմակերպության քաղաքական հարցերով խորհրդատու Արման Մելիքյանը, էպոսագետ, ոչ մի տեղ չաշխատող Վարդան Սեդրակյանը, «Ռադիո Հայ» ՍՊԸ ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը:

Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, թեկնածուների գրանցման հաջորդ օրը` հունվարի 19-ին, ԿԸՀ-ն իր նիստում կսահմանի ՀՀ Նախագահի թեկնածուներին Հանրային ռադիոյից և Հանրային հեռուստատեսությունից անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգն ու ժամանակացույցը:

Թեկնածուները մինչև հունվարի 19-ը պետք է ԿԸՀ ներկայացնեն իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը, ինքնակենսագրությունները: Հայտարարագրերը ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում դրանք կտեղադրվեն ԿԸՀ համացանցային կայքում:

Նախագահի թեկնածուների կողմից նախընտրական ծրագրերը ԿԸՀ-ի սահմանած էլեկտրոնային ձևով ներկայացվելու դեպքում դրանք ևս կտեղադրվեն ԿԸՀ կայքում:

Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի հունվարի 21-ին և կտևի մինչև փետրվարի 16-ի ժամը 24-ը: Փետրվարի 17-ը «լռության օր» է:

ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկությունը կիրականացվի փետրվարի 18-ին` ժամը 8-ից մինչև 20-ը:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս