Անչափահաս աղջկան սեռական շահագործման է ենթարկել

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը երկարատև ազատազրկման է դատապարտել 42-ամյա Լուսինե Ներսիսյանին՝ անչափահաս Մոնիկային (անունը փոխված է) սեռական շահագործման ենթարկելու համար։

Դատավճռի համաձայն, Լ. Ներսիսյանը Հայաստանում հանդիպելով Նարինեի (անունը փոխված է) և 18 տարին չլրացած Մոնիկայի հետ, տեղյակ լինելով նրանց սոցիալապես անապահով վիճակի մասին, առաջարկել է իր հետ գնալ Թուրքիա և այնտեղ նրանց ապահովել վարսահարդարի, ռեստորանի աշխատակցի կամ բնակարան մաքրողի բարձր վարձատրվող աշխատանքներով:

2010 թ. օգոստոսին մեկնել են Թուրքիա, որտեղ օգտվելով Նարինեի և Մոնիկայի թուրքերեն լեզվին չտիրապետելու, գումար, այլ ծանոթ չունենալու հանգամանքներից, նրանց անձնագրերը պահել է իր մոտ և մի քանի ամիս պարտադրել զբաղվել մարմնավաճառությամբ։ Դատարանը հաստատված է համարել, որ աղջիկները ստիպված են եղել մարմնավաճառությամբ զբաղվել մինչև 2010 թ. հոկտեմբեր ամիսը, որի արդյունքում առաջացած գումարները Լուսինեն վերցրել է իրեն:

Դատարանը Լուսինե Ներսիսյանին Նարինեի և Մոնիկայի դրվագներով մեղավոր է ճանաչել մինչև 2011 թվականի ապրիլի 9-ը գործող խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 132.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով: Այն է` 18 տարին չլրացած անձին, ինչպես նաև երկու կամ ավելի անձանց պոռնկության կամ սեռական շահագործման այլ ձևերի մեջ, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ներգրավելը կամ ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը կամ պահելը` կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձևերով, առևանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի համաձայնությունը ստանալու համար` վճարումներ կամ բարիքներ տալու կամ ստանալու կամ այդպիսիք խոստանալու միջոցով:

Հաշվի առնելով վերոնշյալը, հիշյալ դատարանը Լուսինե Ներսիսյանին դատապարտել է 8 տարի ազատազրկման` առանց գույքի բռնագրավման:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս