Նոր նախագահը դեռ չմոռացված հինն է

«Կարծում եմ` ձեր ընտրությունների ելքը միանգամայն պարզ և կանխատեսելի է»,- «168 Ժամի» հետ զրույցում ասաց ՌԴ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրության կենտրոնի աշխատանքային խմբի ղեկավար, պատմագիտության թեկնածու Ալեքսանդր Սկակովը:

Մեր հարցին` իսկ ի՞նչն է պարզ, Ալ.Սկակովը ժպտալով պատասխանել է. «Այն, որ դուք կունենաք հին և նոր նախագահ»: «Իսկ ինչո՞ւ եք այդպես համոզված»,- հետաքրքրվեցինք նրանից: Ի պատասխան` ռուս փորձագետն ասաց. «Իսկ ուրիշ ո՞վ կարող է լինել: Ձեզ մոտ չկա այլընտրանք, նույն խնդիրն է, ինչ կար մեր երկրում, այսինքն` նախագահը չունի իրական այլընտրանք: Այն բանից հետո, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը հրաժարվեց մասնակցել ընտրություններին, որտե՞ղ է այլընտրանքը»:

Իսկ հարցին` ինչպիսի՞ պայմաններ են անհրաժեշտ ավելի ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, Ալ.Սկակովը պատասխանեց այսպես. «Ցանկացած ժողովրդավարություն ենթադրում է այլընտրանքի առկայություն: Մենք լավ հիշում ենք ԱՄՆ-ի ընտրությունները. մինչև վերջին պահը ոչ ոք չգիտեր, թե ո՞վ է հաղթելու, և երկուսն էլ հաղթելու հնարավորություններ ունեին: Նույն վիճակն էր Ֆրանսիայի ընտրությունների ժամանակ` Սարկոզի՞, թե՞ Օլանդ: Այսինքն` կար այլընտրանք, որը չկա ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Հայաստանում: Ուստի կարծում եմ, որ և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը դեռ շատ հեռու են իրական ժողովրդավարությանը հասնելուց»:

Հ.Գ. Ալ.Սկակովի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «168 Ժամի» հաջորդ համարում:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս