Եթե Քոչարյանի ժամանակ կային խաղի կանոններ, հիմա կանչում ասում են` «տղա ջան, կեսը մերն ա». Արամ Հարությունյան
Այսօր կայացած մամլո ասուլիսում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը հայտարարեց, որ իրեն ցույց չեն տվել հեռուստատեսությամբ վերջին 5 տարիներին և իր նկատմամբ սև PR է իրականացվում:
«Ինչ վերաբերում է Ֆորտ Բոյարում նվնվացող հեռուստագաստրալյորներին, ովքեր միգուցե, ասենք, նպատակ ունեն անգամ դառնալու Հ1-ի տնօրեն, ասեմ, որ էն սև PR-ը, որն իմ նկատմամբ արվում է, ես իրենց չեմ անդրադառնա, ես իրենց պատվիրատուի աներոջը կանդրադառնամ. ինչքան PR-ը սև եղավ, էնքան ավելի շատ կանդրադառնամ»,- ասաց Արամ Հարությունյանը:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` հնարավո՞ր է, որ իր նկատմամբ իրականացվող այդ «սև PR-ը» կապված է այն հանգամանքի հետ, որ Արամ Հարությունյանը վերջին շրջանում չի թաքցնում իր համակրանքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:
Ի պատասխան Ա.Հարությունյանն ասաց. «Ախր գիտեք, ամենամեծ խնդիրը որն է, Ռոբերտ Քոչարյանի ամենամտերիմ մարդն, իմ կարծիքով, եղել է Սերժ Սարգսյանը: Կներեք, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն իրար հետ Ղարաբաղից եկել են…Եթե էսօր Սերժ Սարգսյանը, հազար ներողություն, պարկեշտություն չունի ասելու, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք երկրի վիճակն ավելի լավ ա էղել, եթե Արմեն Գևորգյանը վախենում է` ասի, եթե նախարարները վախենում են` ասեն, իսկ ես չեմ խուսափում ասել, որ Ռոբերտ Քոչարյանը շատ սխալներ է արել, բայց Ռոբերտ Քոչարյանի ժամանակ տնտեսությունը շատ ավելի լավ է եղել, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Պուտինը չի գնացել կարտոշկա հավաքելու, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մեր արտաքին քաղաքականությունն ունեցել է հաջողություններ: Եթե, ասենք, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ շատ լավ բաներ է եղել, չասե՞մ»:
Խոսելով իր նախընտրական ծրագրի մասին` Արամ Հարությունյանն ասաց, որ առաջին և գլխավոր քայլը պետք է լինի քաղաքական կամքը, ինչպես նաև ավելացրեց, որ «Ազգային համաձայնություն» կուսակցության ծրագրում նախատեսվում են բարեփոխումներ, օրինակ, ընտրական օրենսգրքում և քաղաքական և տնտեսական իշխանության տարանջատում:
«Այսօր հիմնական խնդիրներից մեկը ո՞րն է` իշխանությունը հիմնականում պատկանում է Հայաստանի ամենահարուստ մարդկանց, և այսօր նույն խորհրդարանում կան պատգամավորներ, ովքեր ձեռներեցությամբ են զբաղվում: Այդ հարցն է, որ մենք առաջարկում ենք ստեղծել տնտեսական պառլամենտ, այսինքն՝ մեծ հնարավորություններ ունեցող, հարկեր տվող գործարարներին մենք հնարավորություն ենք տալիս մասնակցել երկրի տնտեսական քաղաքականության կառավարմանը»,- ասաց բանախոսը:
«Ինչո՞ւ են այսօր նրանք մտնում խոհրդրարան, իրենք իրենց պաշտպանելու համար, որովհետև իրենք պաշտպանված չեն: Հազար ներողություն, եթե Քոչարյանի ժամանակ կային խաղի կանոններ, հիմա կանչում ասում են` «տղա ջան, կեսը մերն ա», մի քիչ խելոք չի պահում, լրիվ են վերցնում: Հարցրեք Տիգրան Կարապետյանին` ո՞նց կորցրեց ԱԼՄ-ն: Կանչեցին ասեցին` «կեսը մերն ա», ասաց` չէ, լրիվ խլեցին: Հարցրեք` էսօր մինչև ուր են հասել: Երբ այդ ամեն ինչը բարեհաջող ավարտեցին, այսինքն` քաղաքական դաշտն ամայացավ, հետո իրենք անցնելու են իրար մեջ: Օրինակ` կարող է վաղը Արսենյան Աշոտին կանչեն ասեն` «Աշոտ ջան, էդ Ջերմուկի գործարանը կարող ա քոնը չի»: Հերթը հասնելու է հանրապետական կոչվածների սեփականությանը: Սա է տարբերությունը, իսկ մենք ուզում ենք, որ Արսենյան Աշոտը պաշտպանված լինի, կապ չունի, որ այսօր նա համարվում է նախագահի ամենամտերիմը, կամ Ռուբեն Հայրապետյանը: Վաղը իրենց սեփականությանն էլ են հասնելու»,- նշեց Արամ Հարությունյանը