Սադոյանը ելք է առաջարկում «խայտառակ» իրավիճակից. մամուլ
«ՀԱԿ-ը և նման մոտեցումներ ցուցաբերողները իսկապես խայտառակ պարտություն կրեցին իրենց բռնած ծայրահեղ սխալ գծի պատճառով»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ազգային համագործակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Սադոյանը՝ արձագանքելով այն հարցին, թե ստեղծված ներքաղաքական իրավիճակում հիմնական քաղաքական ուժերի՝ ընտրություններին չմասնակցելը, ինչպես ընդդիմադիրներն են պնդում՝ բոյկո՞տ է, թե՞ ինչպես իշխանական թևն է կարծում՝ ընդդիմության պարտությունն էր:
Սադոյանը խնդրի առնչությամբ մանրամասնեց. «Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ ընդդիմության անունից խոսել ճիշտ չի լինի: Եթե խոսքը վերաբերում է ՀԱԿ-ին և նման մոտեցումներ ցուցաբերողներին, ապա իսկապես նրանք խայտառակ պարտություն կրեցին իրենց բռնած ծայրահեղ սխալ գծի պատճառով: Եթե խոսքը ԲՀԿ-ի մասին է, ապա չեմ կարծում, որ այն լուրջ ընդդիմություն կարելի էր համարել: Եթե խոսքը վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա իսկապես Րաֆֆին կփորձի քայլեր անել, բայց չեմ կարծում՝ հնարավորություն կունենա հաղթելու նախագահական ընտրություններում»:
Պարոն Սադոյանը ՀՀ ընդդիմության շրջանում տիրող ներկայիս «խայտառակ» վիճակից ելքի համար առաջարկում է օգտագործել համացանցային նոր մեթոդներ: Այս առիթով նա բացեց որոշ փակագծեր. «Թիվ մեկ եղանակը պետք է լինի ստեղծել փոխօգնության կառույցներ, որի ժամանակ մարդիկ ավելի սերտ կապված կլինեն, ոչ թե ուղղակի կուսակցական պայքար կլինի, այլ իրար պաշտպանելու և օգնելու մեխանիզմների կիրառում է պետք»»,- Սադոյանի խոսքն է մեջբերում «Առավոտ» օրաթերթը: