Մեկը տուն չունի, մյուսն էլ շփոթում է դրանց հաշիվը

Արագածոտնի մարզի թիվ 14 և 15 ընտրատարածքներից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներն ունեն զգալի ունեցվածք, այդ թվում անշարժ գույք, դրամական միջոցներ, բաժնեմասեր, սակայն չունեն թանկարժեք գույք: Ի տարբերություն նրանց, մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը և նրա ընտանիքի անդամները որևէ գույք չունեն, սակայն ունեն դրամական միջոցներ: Արագածոտնի մարզպետը, թեև ունի մեկ միավոր անշարժ գույք, սակայն չափազանց համեստ դրամանական միջոցների և եկամուտների տեր է: Այդ մասին են վկայում վերոհիշյալ անձանց կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2011թ.-ի համար ներկայացրած հայտարարագրերը:

Այսպես` մարզպետ Սարգիս Սահակյանի դրամական միջոցները 2011-ի տարեսկզբին և տարեվերջին եղել են անփոփոխ` 250 հազար դրամ:

Եկամուտները գոյացել են բացառապես աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից` 2 մլն 497 հազար 584 դրամ:

Մարզպետի տիկինը և երկու չափահաս դուստրերը ներկայացրել են 0-ական հայտարարագրեր:

Մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանը և նրա ընտանիքի անդամները` տիկինը, ծնողները, դուստրերը հայտարարագրել են միայն դրամական միջոցներ և եկամուտներ:

Ս.Մնոյանի դրամական միջոցները տարեսկզբին եղել են 1 մլն դրամ և 30 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին` 2 մլն դրամ և 40 հազար ԱՄՆ դոլար:

Եկամուտները գոյացել են բացառապես աշխատավարձի գումարից` 9 մլն 6 հազար 921 դրամ:

Դատարանի նախագահի տիկնոջ դրամական միջոցները տարեսկզբին եղել են 20 հազար ԱՄՆ դոլար և 9 հազար եվրո, տարեվերջին` 10 հազար ԱՄՆ դոլար և 11 հազար եվրո: Եկամուտները` 5 հազար եվրոյի դրամաշնորհ:

Ս.Մնոյանի հոր եկամուտները 2011թ.-ին ստացած կենսաթոշակի գումարներն են` 650 հազար դրամ: Դրամական միջոցները տարեսկզբին եղել են 6 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին` 6 հազար 500 ԱՄՆ դոլար:

Մոր եկամուտները ևս գոյացել են կենսաթոշակի գումարներից` 348 հազար դրամ: Դրամական միջոցները տարեսկզբին եղել են 3 հազար 500 ԱՄՆ դոլար, տարեվերջին` 4 հազար ԱՄՆ դոլար:

Դուստրերից մեկի եկամուտները գոյացել են 3 հազար վրացական լարիի չափով կրթաթոշակի և 700 հազար դրամ աշխատավարձի գումարներից: Դրամական միջոցները տարեսկզբին եղել են 8 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին` 9 հազար ԱՄՆ դոլար:

Մյուս դստեր 2011-ի եկամուտը 160 հազար դրամ կրթաթոշակն է: Դրամական միջոցները տարեսկզբին` 4 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին` 4 հազար 500 ԱՄՆ դոլար:

Պատկերը, ինչպես արդեն նշել ենք, այլ է ԱԺ պատգամավորների պարագայում:

Ազգային ժողովի թիվ 14 ընտրատարածքի պատգամավոր Վրեժ Մարկոսյանը ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնելու պահին, ըստ 2012թ. հունիսի 12-ին ներկայացրած հայտարարագրի, ունի 4 հողամաս, բնակարան ավտոտնակով, ևս 1 առանձին ավտոտնակ, 2 ավտոմեքենա: Ի դեպ` մարտի 30-ին, որպես պատգամավորության թեկնածու, «Տիգրան Մեծ» հրատարակչության գլխավոր տնօրեն, ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում, վերոհիշյալ անշարժ և շարժական գույքից բացի, նա նշել է նաև մեկ բնակելի տուն:

Վ.Մարկոսյանը հայտարարագրել է նաև փոխառություն` 440 մլն 553 հազար 150 դրամի չափով: Դրամական միջոցները` 5 մլն 592 հազար դրամ, 3 մլն 485 հազար 798 ռուսական ռուբլի, 564 հազար 959 եվրո, 813 հազար 889 ԱՄՆ դոլար: Եկամուտները` 687 մլն 632 հազար 97 դրամ, որից աշխատավարձը 54 մլն 117 հազար 397 դրամ, փոխառությունից տոկոս` 47 մլն 147 հազար 700 դրամ, շահաբաժին` 586 մլն 367 հազար դրամ:

Եթե այս պատգամավորի երկու հայտարարագրերում դրամական միջոցներում տարբերություն չկա, ապա եկամտային հոդվածներում գումարների տարբերությունը զգալի է: Մարտի 30-ին Վ.Մարկոսյանը հայտարարագրել էր 4 մլն 817 հազար 300 դրամ աշխատավարձ, 38 մլն 975 հազար 700 դրամ փոխառության տոկոս և 220 մլն 250 հազար 400 դրամ շահաբաժին:

Թիվ 15 ընտրատարածքի պատգամավոր Մնացական Մնացականյանը, որպես ԱԺ պատգամավոր, 2012թ.-ի հունիսի 14-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում հայտարարագրել է 16 միավոր անշարժ գույք` վարելահողեր, բնակելի տուն` տնամերձ հողամասով, արտադրական և հասարակական շինություններ, բնակարան, հողամասեր:

Մ.Մնացականյանը հայտարարագրել է նաև 22 հազար ԱՄՆ դոլար և 65 մլն դրամ դրամական միջոցներ: Եկամուտները` 5 մլն 815 հազար 828 դրամ, որից 2 մլն 315 հազար 828 դրամը` աշխատավարձ, իսկ 3 մլն 500 դրամը` այլ եկամուտներ: Ըստ 2012թ.-ի մարտի 15-ին, որպես պատգամավորության թեկնածու, Թալինի քաղաքապետ, ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի, այդ 3 մլն 500 դրամը գոյացել է սեփական տնտեսությունում ստացված բնամթերքի վաճառքից:

Պատգամավորն ունի նաև հասարակ անվանական բաժնետոմսեր «Թալինի ավտոտրանսպորտային և ճանապարհների» ՓԲԸ-ում:

 

«Փաստինֆո»

 

Տեսանյութեր

Լրահոս