ՀՅԴ-ն չի բոյկոտում ընտրությունները

Եթե որևէ քաղաքական ուժ բոյկոտում է նախագահական ընտրություններն, ըստ ՀՅԴ-ական Ռուզան Առաքելյանի, նշանակում է՝ դուրս է մնում այդ գործընթացից, իսկ Դաշնակցությունը ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր իրեն այդ գործընթացից դուրս չի դրել, ուստի նաև չի բոյկոտում առաջիկա ընտրությունները:

«Քաղաքական ուժերի հետ 7 կետերի շուրջ մեր այդ համաձայնության գործընթացը կես ճամփին մնաց, որովհետև ամեն մեկը փորձեց ինքն իր քաղաքական որոշումների ետևից գնալ: Մեզ համար հիմա երկրորդ փուլն այն է, թե ինչ ձևով մասնակցենք ընտրություններին»,- galatv.am-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ ներկայացուցիչը: Իսկ թեկնածու, վերջինիս խոսքով, իրենք չեն առաջադրում, քանի որ քաղաքական ներկա մթնոլորտում հարմար չեն գտնում:

«Սա չի նշանակում, թե Դաշնակցությունը չունի թեկնածու»,- ասել է նա՝ հավելելով, թե միշտ էլ ունեցել և ունենալու են անձ, ով արժանի կլինի ղեկավարելու երկիրը, որովհետև այդ ներուժն, ըստ նրա, ՀՅԴ-ն ունի:

Թե ինչ ձևաչափով մասնակցության մասին է խոսքը, Ռուզան Առաքելյանը կարծում է՝ դեռ շուտ է բարձրաձայնել: Առաջադրված թեկնածուներից որևէ մեկին սատարելու մասին խոսք չնայած այս պահին դեռևս չկա, սակայն, քաղաքական գործչի դիտարկմամբ՝ դեռ բավականին ժամանակ կա:

«Ի վերջո, քաղաքական զարգացումները կարող են անակնկալներ բերել, այնպես որ, կարծում եմ՝ որոշ ժամանակ հետո նաև պարզ կդառնա, թե ՀՅԴ-ն ինչ ձևով կմասնակցի ընտրություններին»:

Տեսանյութեր

Լրահոս