Հայաստան կժամանեն երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդները

Հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության կազմում ընդգրկված երկարաժամկետ դիտորդները, ովքեր անմիջապես կանցնեն իրենց գործառույթների իրականացմանը, կայցելեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ` ծանոթանալու վերջիններիս աշխատանքներին: Ինչպես տեղեկացնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը, այս մասին այսօր ԿԸՀ-ում կայացած հանդիպման ժամանակ հայտնել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին, ներկայացնելով առաքելության նպատակները:

Ըստ նույն աղբյուրի, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունելով ՀՀ Նախագահի փետրվարի 18-ի ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության հիմնական կազմին, մասնավորապես, ներկայացրել է ընտրությունների կազմակերպման և անցկացման ԿԸՀ-ի կողմից մինչ այժմ իրականացված նախապատրաստական աշխատանքները: Նա հատկապես կարևորել է տեղամասային և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների համար նախատեսված մասնագիտական դասընթացները, հանրային իրազեկման և հանրային վստահության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները:

ԵԱՀԿ գրասենյակի տարածած պաշտոնական տեղեկատվության համաձայն, դեսպան Թալիավինին և առաքելության հիմնական կազմը, որում ընդգրկված են ԵԱՀԿ-ին անդամակցող 11 երկրների 13 մասնագետներ ու վերլուծաբաններ, վաղը հանդես կգան մամուլի ասուլիսով, որով կազդարարվի նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության բացումը:

Ըստ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի պաշտոնական էջի, փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները դիտարկելու են ԺՀՄԻԳ-ի 24 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդներ։

Երկարաժամկետ դիտորդները մինչև փետրվարի 25-ը աշխատելու են Հայաստանի ողջ տարածքում: Կարճաժամկետները՝ կժամանեն փետրվարի 15-ին, կվերահսկեն ընտրական ողջ գործընթացը ընտրատեղամասերի բացումից մինչև քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների կազմումը և առաքելությունը կավարտեն փետրվարի 21-ին: Հիմնական կազմը կմնա Հայաստանում մինչև փետրվարի 28-ը:

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պետք է գնահատի Հայաստանում նախագահական ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ-ի առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններին, ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին և տեղական օրենսդրությանը», – նշված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պաշտոնական էջում:

Դիտորդների ուշադրության կենտրոնում են լինելու նախընտրական քարոզչությանը, ընտրական հանձնաժողովների և պետական պատկան կառույցների աշխատանքը, ընտրական օրենսդրության կիրառումը, լրատվական դաշտն ու ընտրական վեճերի հանգուցալուծման գործընթացը:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս