
Իսրայելը որոշել է Թուրքիային հետ վերադարձնել AWACS տիպի 4 լրտեսական ինքնաթիռները

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իսրայելը հետքայլ է կատարել և որոշել է Թուրքիային վերադարձնել AWACS տիպի 4 լրտեսական ինքնաթիռները, որոնք Թուրքիան ԱՄՆ-ից գնել է 2003 թվականին:
Ավելի ուշ այդ ինքնաթիռների զգուշացման ու վերահսկման համակարգերի արդիականացման նպատակով դրանք ուղարկվել էին Իսրայել: Թուրքիան արդիականացման համար իսրայելական Elta ընկերությանը վճարել էր 100 միլիոն դոլար:
Պլանավորված էր, որ Իսրայելն այդ ինքնաթիռները պետք է Թուրքիային վերադարձներ 2008 թվականին, սակայն 2010 թվականի մայիսի վերջին գրանցված «Մավի Մարմարայի» միաջդեպից հետո տեղի ունեցած թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման պատճառով այդ գործընթացը շարունակ հետաձգվում էր:
2011 թվականի մարտին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին խոստացել էր, որ Իսրայելը դրանք Թուրքիային կվերադարձնի մինչև 2012 թվականի ավարտը, ինչը, սակայն, ցայժմ տեղի չի ունեցել:
2003 թվականին Թուրքիան այդ 4 AWACS-ների համար ԱՄՆ-ին վճարել է 1.5 միլիարդ դոլար: Այդ ինքնաթիռները կարող են առանց ընդմիջման օդում մնալ 24 ժամ: Դրանց ռադարի շառավիղը կազմում է 340 կիլոմետր: Ինքնաթիռի արագությունը կազմում է 579 կմ/ժամ: