
«Արցախյան վիկինգների դինաստիան եկավ հայոց արքունիք»

«Ընտրական օրենսգիրքը, որը համարվում է 21-րդ դարի դեմոկրատիայի աստվածաշունչը` բիբլիան, այսօրվա իր կարողություններով ստեղծված է միայն իշխանագողության համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը` խոսելով նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրելու պատճառների մասին:
«Այսինքն ընտրական օրենսգիրքը խարսխված է երեք հանցագործ օրենքների վրա. առաջինը` կոռուպցիա, երկրորդը` պրոտեկցիա` խնամակալություն, Աբրահամը ծնեց Սառային, Պետրոսը` Պողոսին…հիշո՞ւմ եք` Աստվածաշունչը ոնց է սկսվել: Հիմա` հալեպցի Լևոնը ծնեց Սարգսյան Վազգենին, Սարգսյանը Վազգենը ծնեց արցախցի Ռոբին Հուդին, նա էլ ծնեց Սերժիկ Արցախցուն: Այսպիսով` արցախյան վիկինգների դինաստիան եկավ հայոց արքունիք»,-շարունակեց Հանրապետության գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը:
«Եվ երրորդ հանցագործ օրենքը բարոյահոգեբանական տեռորն է, որը քարոզչության փուլում մտնում է ասպարեզ և ավարտվում է ֆիզիկական տեռորով»,- ավելացրեց Դ.Հակոբյանը,-«Այսինքն`իշխանափոխությունը Հայաստանում ներքևից դատապարտված է ի սկզբանե»: