Փարիզում սպանվել է PKK-ի հիմնադիրներից մեկը
Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Փարիզում հարձակման է ենթարկվել Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) տեղեկատվական բյուրոն: Դեռ հայտնի չէ, թե ով և ինչ նպատակով է իրականացրել այդ հարձակումը:
Միջադեպը գրանցվել է գիշերը՝ ժամը 01.00-ին: Հարձակման հետևանքով սպանվել են բյուրոյում գտնված երեք կանայք՝ PKK-ի ներկայացուցիչներ Ֆիդան Դողանը, Լեյլա Սոյլեմեզը և Սաքինե Ջանսըզը: Վերջինս հանդիսանում է PKK-ի հիմնադիրներից մեկը: Նա նաև համարվում էր Գերմանիայում PKK-ի պատասխանատուն:
Ֆրանսիական ոստիկանությունը հետաքննություն է սկսել տեղի ունեցածի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ոչ վաղ անցյալում հայտարարել էր, թե եվրոպական երկրների թվում PKK-ին ամենաշատն աջակցում է Գերմանիան, ուր գտնվում է 13.000 PKK-ական: