Բժշկուհիներն ու բուժքույր-վիճակագիրը դատապարտվեցին տուգանքի
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսպես կոչված՝ «բժշկուհիների գործով» բոլոր երեք ամբաստանյալներին դատապարտել է տուգանքի:
Այսպես, ամբաստանյալ, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Մարիետա Նահապետյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով՝ առևտրային կաշառք, և դատապարտվել տուգանքի նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի` 400.000 ՀՀ դրամի չափով։
Ամբաստանյալ, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի թերապևտ Լաուրա Համբարձումյանը մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 38-200-րդ հոդվածի 1-ին մասով՝ առևտրային կաշառք տալուն դրդելը, և նույնպես դատապարտվել տուգանքի նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի` 400.000 ՀՀ դրամ գումարի չափով։
Ամբաստանյալ, Երևանի թիվ 1 Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի բուժքույր-վիճակագիր Մաքրուհի Ռոստոմյանը մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառք տալուն դրդելու փորձ, և դատապարտվել տուգանքի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200.000 ՀՀ դրամի չափով։
Դատարանը գտել է, որ ապացուցված է ամբաստանյալ Մարիետա Նահապետյանի կողմից առևտրային կաշառք ստանալը, ամբաստանյալ Լաուրա Համբարձումյանի կողմից առևտրային կաշառք տալուն դրդելը և ամբաստանյալ Մաքրուհի Ռոստոմյանի կողմից կաշառք տալուն դրդելու փորձ կատարելը:
Ամբաստանյալների նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ նրանք նախկինում դատված չեն եղել, բնութագրվում են դրական, կամովին հատուցել են հանցագործությամբ տուժողին պատճառված գույքային վնասը: Դատարանը ամբաստանյալ Լաուրա Համբարձումյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել նաև այն, որ նա վատառողջ է, տառապում է «12մ աղու կոճղեզի խոց, էրոզիվ անտրալ գաստրիտ, ստոծանու կերակրափողի բացվածքի սողացող ճողվածք» հիվանդություններով, իսկ ամբաստանյալ Մաքրուհի Ռոստոմյանի նկատմամբ պատիժ նշանակելիս նաև այն, որ նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել ինքնախոստովանական ցուցմունքներ` անկեղծորեն զղջացել է կատարածի համար։
Այսպիսով, դատարանը ապացուցված է համարել մեղադրանքն, ըստ որի Լաուրա Համբարձումյանը հաշմանդամության կարգ ստանալու նպատակով բժշկական հաստատություն դիմած Լևոն Ավետիսյանի կնոջը՝ Կարինե Հովհաննիսյանին դրդել է պոլիկլինիկայի բժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Մարիետա Նահապետյանին տալ 20.000 ՀՀ դրամ, վերջինս ապօրինաբար ստացել է այդ գումարը, իսկ Մաքրուհի Ռոստոմյանը՝ դրդել Կ. Հովհաննիսյանին ամուսնու օգտին գործողություններ կատարելու համար Երևանի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Դանիել Մանուկյանին 20.000 ՀՀ դրամ կաշառք տալու փորձ կատարել։
Դատավճիռը հրապարակվելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որի ժամկետը լրանում է հունվարի 26-ին։