Ովքե՞ր են ֆինանսավորում էպոսագետին

Որպես Էպոսագետ ներկայացող՝ ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն առաջին անգամ չի մասնակցում ընտրություններին. Նա 2007թ. խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու է առաջադրվել Եղվարդ և Չարենցավան քաղաքները, հարակից գյուղերը ընդգրկող թիվ 26 ընտրատարածքում, որտեղ երեք թեկնածուների մեջ զբաղեցրել է երրորդ պատվավոր տեղը:

Նրան ձայն են տվել միայն այն բանի համար, որ այդ ընտրություններում եղվարդցիների և չարենցավանցիների միջև տեղային հակամարտություն կար, և Սեդրակյանը լինելով եղվարդցի, ստացել է իր համերկրացիների մի մասի քվեները:

Բայց հիմա նրա հայրենակիցներին այլ հարց է հետաքրքրում: Նրանք հիշում են, որ  2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա նույնիսկ չափազանց համեստ բուկլետ տպագրելու գումար չուներ, և դրա համար դիմում էր ծանոթների օգնությանը: Իսկ հիմա ոչ միայն միաժամանակ երկու թանկարժեք մեքենա է ձեռք բերել, այլ, որ եղվարդցիների համար ամենատարօրինակն է, միաժամանակ երեք առանձատուն է կառուցում: Սեդրակյանը եղվարդցիներին բացատրում է, որ մեկը կառուցում է՝ իր, մյուսը` երկու որդիներից յուրաքանչյուրի համար:

Եղվարդցիներին հետաքրքրում է, թե որտեղից և ինչպես այդպես միանգամից և հանկարծակի հարստացավ Վարդան Սեդրակյանը: Այդ հարցը հետաքրքիր է ոչ միայն եղվարդցիներին:

Վարդան Սեդրակյանը, ով հավակնում է դառնալ Հայաստանի նախագահ, ոչ մի բանական բացատրություն չի կարողանում տալ իր ունեցվածքի ծագման աղբյուրների վերաբերյալ: Սա ոչ միայն կենցաղային հետաքրքրասիրության, այլ նաև ազգային անվտանգության խնդիր է: Ինֆորմացիայի պակասը մարդիկ շատ հաճախ լրացնում են ենթադրություններով, և ըստ դրանց՝ Սեդրակյանի ֆինանսներն ունեն իրանական ծագում:

Սա, կրկնում ենք, միայն ենթադրություն է: Բայց այն, որ իրանցիները կցանկանան ինչ-որ կերպ մասնակցել հարևան Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և նույնիսկ սեփական թեկնածուով մասնակցել ընտրություններին, չափազանց հետաքրքրական կարող է լինել:

Տեսանյութեր

Լրահոս