Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. փրկարարները ջրանցքից դուրս են բերել 3 մահացածների դիերը
Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արաքսավան գյուղից դեպի Նորամարգ գյուղ տանող գյուղամիջյան կամրջի տակ՝ ջրանցքում, ավտոմեքենա կա: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Գյուղացիները, ոստիկանության և Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատն ու Արարատի մարզի փրկարարական ջոկատի աշխատակիցները ջրանցքից դուրս են բերել 3 հոգու դի: Ջրանցքում հայտնաբերվել է նաև «Վազ 2103» մակնիշի 32 ՕԼ 110 համարանիշի ավտոմեքենան: Հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ մահացածները Վերին Արտաշատ գյուղի բնակիչներ, 36-ամյա Պապոն Ավագյանը, 53-ամյա Վանիկ Թադևոսյանը և 12-ամյա Վաչիկ Թարվերդյանն են:
Ավտոմեքենայից դուրս է բերվել նաև սատկած շուն և որսորդական հրացան: Ըստ տեղեկությունների, ժամեր առաջ նշված անձինք գյուղում հայտնել էին, թե գնում են որսի:
Ժամանել էին նաև Արտաշատի և Մասիս շտապօգնության բրիգադները, սակայն նրանք իրենց հետ ոչ մի անհրաժեշտ պարագա չեն ունեցել՝ ոչ պատգարակ և ոչ էլ սավաններ: Դիակները տեղափոխել են փրկարարները՝ ոստիկանների և գյուղացիների օգնությամբ: