Եթե Ծառուկյանը չառաջադրվեց, նշանակում է` մի բան են ուզել, որ տրված է Աստծո կողմից
«Ես առաջարկում եմ նախագահի բոլոր թեկնածուներին հանել թեկնածությունը, թողել նախագահ Սերժ Սարգսյանին մենակ, այդ դեպքում նա չի ստանա 50 տոկոս»,- ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը՝ միաժամանակ նշելով, թե թեկնածուներից ով անցնի երկրոդ փուլ, ինքը կկանգնի նրա կողքին:
Արամ Հարությունյանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ ընտրապայքարի մեջ չմտան ընդդիմադիր խոշոր ուժեր: Նրա խոսքով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ասում էր, որ պատրաստ է ամեն ինչ կորցնել ընտրողի համար, սակայն, ի վերջո, չառաջադրվեց:
«Եթե չառաջադրվեց, նշանակում է մի բան են ուզել, որ տրված է Աստծո կողմից»: Հարցին, թե ի՞նչ նկատի ունեք՝ Հարությունյանը չի պարզաբանել:
Նրա խոսքով` նախագահի նախկին թեկնածուները «հանրապետականների պադվալներում են վարձով մնում», բայց թե ո՞ւմ նկատի ուներ՝ դարձյալ չի ասել:
Նա դժգոհել է, որ շատ ԶԼՄ-ներ իր մասին չեն գրում, իսկ փոխարենն այս ընթացքում «որոշ թեկնածուներ Ձմեռ պապիկից և Ձյունանուշից ավելի շատ երևացին»:
Արամ Հարությունյանը պատրաստ է բանավիճել բոլոր թեկնածուների հետ, սակայն չի հավատում, որ մեզ մոտ բանավեճի մշակույթը կայացել է:
Արամ Հարությունյանն ասել է, որ որպես կարգախոսներ օգտագործելու է իր նախորդ ընտրություններում գործածվածները՝ «Հանուն հավերժական Հայաստանի», «Ես ձեզանից մեկն եմ»: Սակայն, ըստ նրա՝ նոր կարգախոսներ ևս կլինեն: