Ժերար Դեպարդիեին առաջարկել են աշխատել Տյումենի դրամատիկական թատրոնում
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ռուսական անձնագիր ստացած ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին առաջարկել են աշխատել Տյումենի դրամատիկական թատրոնում: Այստեղ նրան առաջարկել են 16.000 ռուբլի աշխատավարձ՝ գումարած բոնուսները: Բացի այդ, թատրոնը պատրաստ է վճարել Դեպարդիեի վարձակալած տան վարձավճարի 15 տոկոսը:
Տյումենի դրամատիկական թատրոնի տնօրեն Սերգեյ Օսինցևը «Վկոնտակտե» սոցցանցի իր էջում գրել է, որ իրենք որոշել են աջակցել Ռուսաստանի քաղաքացուն և այս տարվա մարտից հրավիրել աշխատանքի իրենց մոտ: Նշվում է, որ Դեպարդիեն աշխատանքի մասին պաշտոնական հրավեր կստանա ամանորյա արձակուրդներից հետո:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դեպարդիեին Սոչիում ռուսական անձնագիր է հանձնել այս տարվա հունվարի 6-ին: