Վիճակախաղով մեկ միլիոն դոլար շահած ամերիկացուն թունավորել են ցիանիդով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ քաղաքացուն թունավորել են այն բանից հետո, ինչ նա վիճակախաղով շահել է մեկ միլիոն դոլար: Քիմմաքրման կետի սեփականատեր Ուրուժ Խանը Չիկագոյի խանութներից մեկից գնել է վիճակախաղի տոմս, իսկ պաշտպանիչ շերտը մաքրելուց հետո հայտնաբերել է, որ շահել է մեկ միլիոն դոլար:
Կազմակերպիչների հետ վարած բանակցությունների արդյունքներով նա նախընտրել է այդ մեկ միլիոն դոլարը մաս-մաս ստանալու փոխարեն մեկ փոխանցումով ստանալ 600.000 դոլարից քիչ ավելի, ինչը հարկերի վճարումից հետո կազմել է 425.000 դոլար: Հաջողակ ամերիկացին պատրաստվում էր այդ գումարով մարել պարտքերը և զարգացնել իր բիզնեսը, սակայն գումարի ստացման հաջորդ օրը նրան հայտնաբերել են մահացած վիճակում:
Դատա-բժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ նա մահացել է իր բնական մահով: Սակայն մահացածի հարազատները թերահավատորեն են մոտեցել դրան և խնդրել են անցկացնել հավելյալ հետաքննություն, ինչի արդյունքում էլ հաստատվել է, որ ամերիկացուն թունավորել են ցիանիդով: Դեռ հայտնի չէ, թե ով է շահագրգռված նրա մահվամբ: