Facebook-ը մեղադրվել է կանանց համար վիրավորական բովանդակության դեմ պայքարելու ցանկություն չունենալու մեջ
Euronews-ի փոխանցմամբ՝ Facebook սոցցանցի դանիուհի օգտատեր Տորլաուգ Ագուստդոտիրը սոցցանցի ղեկավարությանը մեղադրել է կանանց համար վիրավորական բովանդակության դեմ պայքարելու ցանկություն չունենալու մեջ:
Նա մի քանի օր շարունակ չի կարողացել համոզել, որ սոցցանցից հեռացնեն մեկ այլ օգտատիրոջ կողմից տեղադրված իր նկարը, որում ինքը պատկերված է կապտուկներով ու արնաշաղախ դեմքով, իսկ նկարի վրա եղած գրությունը կոչ է արել բռնաբարել իրեն:
Սոցցանցի մենեջերները նրան քանիցս պատասխանել են, որ այդ նկարը ենթակա չէ հեռացման: Գործին չի օգնել նաև մյուս օգտատերերի աջակցությունը: Նկարը, սակայն, սոցցանցից հանվել է այն ժամանակ, երբ այս պատմությանը սկսել է անդրադառնալ մամուլը: Միևնույն ժամանակ հայտնի չէ, թե ով է հանել այդ նկարը՝ սոցցանցի ղեկավարությունը, թե այն դրած օգտատերը:
Ագուստդոտիրը հայտարարել է, որ ցանկանում է իմանալ, թե Facebook-ի կանոններով որ նկարներն են համարվում ընդունելի, իսկ որոնք՝ անընդունելի: Նշվում է, որ 2011 թվականին էլ Facebook-ի մենեջմենթը հրաժարվել էր ցանցից հեռացնել այն խմբին, որը հանդես էր գալիս կանանց նկատմամբ ֆիզիկական ու սեռական բռնություններ գործադրելու կոչերով: Այն ժամանակ սոցցանցի ադմինիստրատորները դա որակել էին որպես «օգտատերերի կողմից սեփական կարծիքի հայտնում»: