2012 թվականին Թուրքիան կրկնակի կրճատել է ռազմական արտադրանքի արտահանումն Ադրբեջան
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2012 թվականին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 11.5 միլիոն դոլարի պաշտպանական արտադրանք: Մինչդեռ 2011 թվականին այդ ցուցանիշը կազմել է 25 միլիոն դոլար: Այս մասին նշված է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արտահանողների խորհրդի պատրաստած հաշվետվությունում:
Ընդհանուր առմամբ, 2012 թվականին Թուրքիան արտահանել է 1.2 միլիարդ դոլարի պաշտպանական նշանակության արտադրանք, որից 490 միլիոն դոլարը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 101 միլիոն դոլարը՝ ԱՄԷ-ին, 90 միլիոն դոլարը՝ Բահրեյնին:
2012 թվականին կտրուկ աճել է պաշտպանական նշանակության արտադրանքի արտահանումն Իրաք: Նախորդ տարի այդ երկիր է արտահանվել 32 միլիոն դոլարի պաշտպանական նշանակության արտադրանք, մինչդեռ 2011 թվականին՝ 1 միլիոն դոլարի արտադրանք:
Հիշեցնենք, որ 2011 թվականին Թուրքիան արտահանել է մոտ 800 միլիոն դոլարի սպառազինություն, իսկ 2016 թվականին պլանավորված է դրա արտահանման ծավալը հասցնել 2 միլիարդ դոլարի: Ներկա դրությամբ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարությունն ապահովում է երկրի զինված ուժերի ռազմական կարիքների ավելի քան 50 տոկոսը: Թուրքական սպառազինությունն արտահանվում է Մալայզիա, Սաուդյան Արաբիա, Ինդոնեզիա, ԱՄԷ, Վրաստան, Ադրբեջան, Պակիստան, Բանգլադեշ, Մակեդոնիա, Ալժիր, Բահրեյն, Եգիպտոս, Կատար, Թուրքմենստան, Հորդանան ու Հարավային Կորեա: