Րաֆֆին պաշտոն կտա՞ Բագրատյանին և Հայրիկյանին
«Իմ մտքի մեջ կա ապագա կառավարության, հանրային իշխանության` թե´ գործադիր, թե´ դատական, անձնակազմը, և երբ պատրաստ լինեմ հրապարակելու, և անպայման ժամը կգա, առաջիկա շաբաթների ընթացքում կպատասխանեմ Ձեր հարցին»,- այսօր մամուլի ասուլիսում ասաց «Ժառանգություն» կուսացկության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը` ի պատասխան հարցին, թե իր ընտրվելու դեպքում ո՞վ կարող է գլխավորել կառավարությունը և ինչպիսի՞ կազմ այն կունենա:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե հաշվի առնելով, որ մրցակցությունը լինելու է ընդդիմադիր թեկնածուների` Րաֆֆի Հովվհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի և Պարույր Հայրիկյանի միջև, հնարավո՞ր է արդյոք, որ ընդդիմության ուժերը չփոշիացնելու համար թեկնածուներից մեկը` այդ թվում Հովհաննիսյանը հանի իր թեկնածությունը մինչև ընտրությունները` հանուն համախմբման, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Կարծում եմ` բնական է և անգամ հրամայական, որ մինչև քվեարկության օրը լինի այդ կոնսոլիդացիան, եթե ոչ մինչև փետրվարի 18-ը, ապա 2-րդ փուլի դեպքում անպայման կլինի այդ կոնսոլիդացիան: Եվ, ո´չ, ես չեմ պատրաստվում մրցակցել պարոն Հայրիկյանի կամ պարոն Բագրատյանի հետ ուղղակի: Հիմնականն այս գործող իշխանությունը ջարդելու, հաղթահարելու ուղղությամբ պիտի լինի: Եվ կրկնում եմ` ինչ էլ լինի ընտրական լուծումը և արդյունքը, այդ թեկնածուներն իրենց տեղը պետք է ունենան ապագա Հայաստանի հանրային ծառայության մեջ, կոնկրետ այդ երկուսը»: