Բոլիվիան ԱՄՆ-ին մեղադրում է երկրի նախագահի դեմ դավադրություն կազմակերպելու մեջ
Բոլիվիան հայտարարել է, որ այդ երկրում ԱՄՆ դեսպանատունը ակտիվ աշխատանք է տանում նախագահ Էվո Մորալեսի կառավարությունը ապակայունացնելու համար։ Նախագահի աշխատակազմի ղեկավար Խուան Ռամոն Կինտանայի խոսքերով, երկրի ներքին գործերին միջամտելու վերաբերյալ անհերքելի ապացույցներ կան, որոնք կներկայացվեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։ Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը։
Բոլիվիայի ղեկավարությունը պնդում է, որ ԱՄՆ-ը համառորեն չի ցանկանում տեսնել երկրի հաջողությունները «սոցիալական արդարության, ժողովրդավարական իրավունքների, տնտեսական վերաբաշխման և թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի ոլորտներում»։ ԱՄՆ կանխակալ մոտեցումը հիմնավորելու նպատակով Կինտանան վկայակոչել է ԱՄՆ զեկույցները՝ ահաբեկչության և թմրամիջոցների շրջանառության, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ։
Մի քանի օր առաջ ԱՄՆ-ի հասցեին մեղադրանք էր հնչեցրել նաև նախագահ Մորալեսը։ Նա ասել էր, որ ԱՄՆ-ը որպես քաղաքական ագրեսիայի առիթ օգտագործում է ամերիկացի գործարար Ջեյքոբ Օսթրիչերի գործը, որին Բոլիվիայում մեղադրում են փողերի լվացման մեջ։ Գործարարը 1.5 տարի ազատազրկումից հետո գրավի դիմաց ազատ է արձակվել և այժմ գտնվում է տային կալանքի տակ։ Նա պնդում է, որ բոլոր մեղադրանքների նպատակն իրականում իր փողերը խլելն է։
Մորալեսը Բոլիվիայի նախագահ է ընտրվել 2006 թվականին։ Նա ձախ հայացքների տեր գործիչ է և երկրում անցկացրել է սեփականության զանգվածային ազգայնացում։