
Էդուարդ Շարմազանովը շատ փոքր է, որ էպոխայի սկիզբ կամ ավարտ կանխագուշակի

Հատկապես իշխանական ճամբարից տեսակետներ են հնչում, որ՝ չմասնակցելով ընտրություններին, ՀԱԿ-ը սպառեց իրեն, սկիզբ դրեց ՀԱԿ-ի կազմաքանդմանը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անգամ հայտարարեց, թե սրանով ավարտվեց Լևոն Տեր-Պետրոսյանի էպոխան: 168.am–ի հարցին, թե՝ Դուք ունե՞ք նման մտավախություն, որ Կոնգրեսը կկազմաքանդվի, ՀԱԿ անդամ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը պատասխանեց.
«Էդուարդ Շարմազանովը շատ փոքր է, որ էպոխայի սկիզբ կամ ավարտ կանխագուշակի: Միայն Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է որոշել, թե երբ է ինքը սկսում, երբ ավարտում իր գործունեությունը: Իսկ Շարմազանովի էպոխան դեռ չի էլ սկսվել: ՀԱԿ առաջնորդը որոշեց, մտավ քաղաքականություն, հիմա էլ որոշել է դուրս գալ»:
Հարցին՝ կարծում եք, այսպիսով Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս եկա՞վ քաղաքականությունից, Սոս Գիմիշյանը պատասխանեց.
«Եթե որոշել է, որ հիմա չի առաջադրվում, կարծում եմ՝ սա խոսում է քաղաքականությունից դուրս գալու մասին: Իմ կարծիքով՝ նա ավարտում է իր քաղաքական ակտիվ գործունեությունը»:
Սոս Գիմիշյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք առաջիկայում: