Սիլվիո Բեռլուսկոնին հրաժարվել է Իտալիայի վարչապետի պաշտոնին հավակնելուց

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին այսօր հայտարարել է, որ փետրվարին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում չի գլխավորելու կառավարությունը և միայն զբաղեցնելու է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:

Ավելի վաղ Բեռլուսկոնին պաշտոնապես առաջադրել էր իր թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնի համար, սակայն այսօր Բեռլուսկոնին իտալական Rtl ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարել է, որ ինքն արդեն իսկ եղել է Իտալիայի վարչապետ և որ առաջիկա ընտրություններում հաղթելու դեպքում վարչապետի պաշտոնը զբաղեցնելու է Անջելիանո Ալֆանոն:

Բեռլուսկոնիի այս հայտարարությունը պայմանավորված է անցած գիշեր ձեռք բերված քաղաքական համաձայնագրով: Բեռլուսկոնին և նրա նախկին կառավարությունում ՆԳՆ նախկին ղեկավար, «Հյուսիսի Լիգա» կուսակցության առաջնորդ Ռոբերտո Մարոնին փոխզիջումային համաձայնության են հասել, ըստ որի «Ազատության Ժողովուրդ» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին հրաժարվում է վարչապետի պաշտոնին հավակնելուց՝ պայմանով, որ «Հյուսիսի Լիգան» նախընտրական դաշինք կնքի իր կուսակցության հետ:

Բեռլուսկոնին ռադիոեթերում նաև հստակ հասկացնել է տվել, որ ընտրություններում հաղթելու դեպքում իրենք մտադիր են փոփոխություններ կատարել Իտալիայի Քաղաքացիական օրենսգրքում և կարող են ճանաչել միասեռական ամուսնությունները:

Տեսանյութեր

Լրահոս