ԱՄՆ պետքարտուղարը հիվանդությունից հետո վերադարձել է աշխատանքի

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր վերադարձել է իր ծառայողական պարտականությունների կատարմանը: Դա տեղի է ունեցել հիվանդանոցից դուրս գրվելուց 5 օր անց:

Իր աշխատանքային օրը Հիլարի Քլինթոնը սկսել է իր տեղակալների ու օգնականների հետ հանդիպելուց: Ընդհանուր առմամբ, Քլինթոնն այս շաբաթ պլանավորել է անցկացնել 10 հանդիպում, որոնցից առաջինը տեղի է ունենալու վաղը Սպիտակ տանը:

Դրան ներկա կգտնվեն ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան և նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնը: Բացի այդ, հունվարի 8-ին Քլինթոնը հանդիպումներ է ունենալու ԱՄՆ-ում Իռլանդիայի ու ՀԱՀ-ի դեսպանների հետ:

Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 15-ին Հիլարի Քլինթոնն ուշագնաց էր եղել և ստացել էր ուղեղի ցնցում: Դրանից հետո նրան տեղավորել էին Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում, որտեղից էլ պետքարտուղարը դուրս է գրվել այս տարվա հունվարի 2-ին:

Հունվարի վերջին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Հիլարի Քլինթոնին փոխարինելու է Մասաչուսեթս նահանգի սենատոր Ջոն Քերրին: Այս մասին որոշումն ընդունվել էր նախապես և կապ չունի Հիլարի Քլինթոնի հիվանդության հետ:

Տեսանյութեր

Լրահոս