
Չինաստանը պատրաստվում է վերացնել աշխատանքային ճամբարների միջոցով պատժելու համակարգը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ`Չինաստանը պատրաստ է 2013 թվականին վերացնել աշխատանքային ճամբարների միջոցով պատժելու համակարգը: Այդ ճամբարների փակման մասին որոշումն արդեն իսկ ընդունված է և իր հաստատումը կստանա մարտին կայանալիք Չինաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի նստաշրջանում:
Այդ համակարգը Չինաստանում ստեղծվել է 1957 թվականին: Ոստիկանությունն իրավասու էր ձերբակալել քաղաքացիներին և առանց դատի նրանց տեղափոխել աշխատանքային ճամբարներ, ուր նրանք կարող էին մնալ մինչև չորս տարի: Ներկայիս դրությամբ Չինաստանում գործում է ավելի քան 300 այդօրինակ ճամբար, որոնցում պատիժ է կրում 260.000 մարդ:
Չինացի իրավապաշտպանների տվյալներով՝ այդ ճամբարներում են գտնվում չինացի մի շարք այլակարծներ, որոնք հետամուտ են եղել իրենց իրավունքների պաշտպանությանը կամ էլ դիմակայության մեջ են մտել տարածաշրջանային իշխանությունների հետ: