«Առանց նախընտրական կարգախոսի չի մնա պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը»
«Նախընտրական շտաբի ձևավորման աշխատանքներն ընթացքի մեջ են: Շտաբում կլինեն վարչության անդամները, պատգամավորները, ինչպես նաև տարածքային կառույցի ղեկավարները»,- 168.am-ին հայտնեց նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցաթյան նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարիտիրոսյանը:
Նա նշեց, որ նախընտրական շտաբի պետ դեռ նշանակված չէ, սակայն առաջիկա օրերին շտաբի ամբողջական կազմի մասին տեղեկատվությունն, ամենայն հավանականությամբ, կտրամադրվի:
Թե ինչպիսի կարգախոսով է Րաֆֆի Հովհաննիսյանը մտնում ընտրապայքարի մեջ, Արմեն Մարտիրոսյանը չհայտնեց` նշելով, որ ամեն ինչի մասին ժամանակին կտեղեկացվի հանրությանը: «Առանց նախընտրական կարգախոսի չի մնա պարոն Հովհաննիսյանը»,- կատակեց Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչը:
Խոսելով նախընտրական քարոզչության ժամանակ գովազդից օգտվելու հնարավորություններին մասին` Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն օգտվելու է օրենքով ընձեռված գովազդի տեսակներից: «Օրենքով թույլատրելի բոլոր քարոզչական միջոցներից օգտվելու ենք»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ ԿԸՀ սահմանած ժամանակացույցի` նախագահի թեկնածուները կամ նրանց լիազոր ներկայացուցիչը դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 4-ը պետք է 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար հայտեր ներկայացնեն ԿԸՀ հանձնաժողովին: Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ինքը` իբրև Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ հայտը ներկայացրել է:
Խոսելով վճարովի եթերաժամի մասին` Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ դրանք, ի տարբերություն 2007-2008թթ-ի, մատչելի են, և Րաֆֆի Հովհաննիսյանն անպայման կօգտագործի այդ հնարավորությունը:
Ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավի անցկացմանը` Արմեն Մարտիրոսյանը դարձյալ փակագծերը չցանկացավ բացել:
«Ամեն ինչ ժամանակին հայտնի կլինի, թե ինչպիսի քարոզչական մարտավարություն կիրականացնի Րաֆֆի Հովհաննիսյանը»,-եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը: