
«Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը գերադասեցին մնալ փիղ»

«Սերժ Սարգսյանը այսօր հզոր ու ամենահաղթելին է, դա փաստ է: Էս վայրկյանի, էս րոպեի դրությամբ կարող եմ փաստել, որ նա կլինի 2013 թ.-ի նախագահի ընտրություններում հաղթող թեկնածուն: Մյուս թեկնածուները բավականին թույլ են»,- galatv.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ-պատմաբան Գագիկ Համբարյանը:
Համբարյանն, այնուամենայնիվ, մյուս թեկնածուների մեջ առանձնացնում է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին. «Պիտի նշեմ, որ շատ բան կախված կլինի նրա կողմից տարվող շատ գրագետ քարոզարշավից: Եթե գրագետ եղավ, ապա կարող է, որի հավանականությունը քիչ է, լինի երկրորդ փուլ, եթե ոչ, ապա առաջին փուլով ՀՀ նախագահ կընտրվի Սերժ Սարգսյանը»:
Ստեղծված կանխակալ ընտրությունների «մեղավորները», ըստ քաղաքագետի, Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանն են: Գագիկ Համբարյանը նրանց շախմատային լեզվով բնութագրեց՝ որպես փղեր:
«Գործող նախագահը հմուտ շախմատիստ է և 5-6 քայլ առաջ կողմնորոշվում է: Եվ հիմա էլ շախմատի թագուհին կլինի նա, որովհետև գործող իշխանությունն է, և նրան հաջողվել է ապահովել վերընտրվելու բոլոր շանսերը, քայլերը, Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը փղեր էին, ովքեր կարող էին հասնել հաջողության, բայց, այնուամենայնիվ, գերադասեցին մնալ փիղ»: