Սերժ Սարգսյա’ն, վերադարձրե’ք, խնդրում եմ, իմ զավակներին և իմ ուրախ Նոր տարիները
«Առաջին անգամ է, որ Նոր տարին դիմավորում ենք մենակ՝ թոշակառու ամուսիններով, և տեսնու՞մ եք, Նոր տարին, թվում է՝ մեր օջախ չի մտել, այլ կողքով է անցել, որովհետև մեր տունը դատարկ է, զավակներիս մի քանի օր առաջ ճանապարհեցինք՝ տղաս, հարսս, թոռներս, և առանց մանկան ծիծաղի ու տոնածառի դեռ ոչ մի տարի մենք չէինք դիմավորել»,- galatv.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Գյումրիի Անի թաղամասի բնակիչ Սուսաննա Զարդարյանը: «Էս մեծ տան մեջ մենակ ենք մնացել, էլ ի՞նչ Նոր տարի, ու՞մ համար սեղան դնեմ, ու՞մ համար եփեմ ու թափեմ և ու՞մ խաբեմ՝ ինքս ի՞նձ… սարսափելի է, չեմ պատկերացնում, որ չեմ տեսնելու թոռներիս, նրանց ճանապարհելուց հետո ամեն գիշեր լացում եմ, տեսնես որտե՞ղ են, կու՞շտ են, թե՞ սոված, առո՞ղջ են, թե՞ հիվանդ….»:
Նոր տարուց մի քանի օր առաջ Սուսաննա Զարդարյանը որդու ընտանիքին ճանապարհել է Ռուսաստանի Դաշնություն: Նրա խոսքերով՝ որդին արտագաղթել է այն պատճառով, որ ընտանիքն ու հիվանդ ծնողներին պահել չի կարողացել: Տարիներ շարունակ մեկնել է արտերկիր և հետո որոշել է տեղափոխվել ընտանիքով: «Երկար ժամանակ ասում էր՝ գնամ, կռվում էի, չէի թողնում, ես ինքս դեմ էի, ասում էի, որ բոլորը գնան, ո՞վ պտի մնա… բայց հիմա չեմ մեղադրում, հնարավոր չէր: Ստեղ հայրը աշխատանքի տեղավորեց մի կերպ, որ չգնա, բայց օդանավակայանում էր աշխատում, վարձատրվում ընդամենը 100 հազար դրամով, որը մեր բազմանդամ ընտանիքին չէր բավարարում: Հարսս աշխատում էր դիմացի խանութում: Ինքը՝ ինստիտուտ ավարտած աղջիկ, վաճառողուհի էր աշխատում և վճարվում 20 հազար դրամով: Մենք հասկացանք՝ էս երկրին նորմալ մարդիկ ու ընտանիքներ պետք չեն…»:
Տիկին Սուսաննան ասել է, որ այս տարի Նոր տարվա պատրաստություն գրեթե չի տեսել, ծախսերը կիսով չափ կրճատել է. «Ո՞ւմ համար, էլ ի՞նչ Նոր տարի, հետո ի՞նչ անեմ: Ես չգիտեմ՝ ի՞նչ կլինի երեխաներիս վիճակը, մենակ տեղյակ եմ, որ վարձով տուն են գտել ու ապրում են: Էս մեծ տները թողել են մեզ, իսկ իրանք՝ վարձով… Հիմա ասում եմ՝ սա՞ էր էդ առատ, ապահով Հայաստանը, բոլորից զզվում եմ, մեզ ի՞նչ է մնում… Սերժ Սարգսյանն ասում էր՝ հավատացեք, որ լավ կլինի, իսկ ես ասում եմ՝ Սե՛րժ, իմ երեխաներին եմ պահանջում, ուրիշ բան չէ, վերադարձրո՛ւ իմ երեխաներին ու իմ ուրախ Նոր տարիները, որ թոռներիս հետ ուրախանում էի, հարսիկիս հետ եփում-թափում, իսկ որդիս նարդի էր խաղում հոր հետ ու ասում՝ «Մա՛մ, պրծե՛ք, Նոր տարին եկավ, իսկ դուք չեք պրծել գործերը»: Էդ ամենը չկա… վերադարձրե՛ք ուրախ Նոր տարիները, որ հավատանք…»: