Մենք անպայման ունենալու ենք նոր Հայաստան. Աշոտ Մանուչարյանի ամանորյա բարեմաղթանքները
«Այս տարվա ընթացքում հիմնական ձեռքբերումն այն է, որ մի կողմից մենք հասկացանք, թե ի՞նչն է հեռացող, ի՞նչն է մեռնող, ի՞նչը մերը չէ: Դա մեզ թույլ տվեց մտածել` իսկ ի՞նչն է մերը: Այս երկրորդ հարցի պատասխանը դեռ չենք տվել` ո՞վ ենք մենք, ի՞նչն է մերը, ինչպիսի՞ երկիր կառուցենք, ինչպիսի՞ մարդ լինենք դա նոր տարվա մեր անելիքն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ է ունեցել Հայաստանը անցնող տարում:
«Իհարկե կան հարյուրավոր և հազարավոր մարդիկ, ովքեր այս պատասխանն ունեն, և նրանք ավելի ու ավելի բարձր են խոսում: Եվ առաջին հերթին հաջողություն նրանց, որպեսզի կարողանան մյուսներին էլ հիշեցնել այդ ամենը, հաջողություն այդ մարդկանց լսողներին, որպեսզի կարողանան լսել և ընկալել,- շարունակեց Աշոտ Մանուչարյանը,- Մենք անպայման ունենալու ենք նոր Հայաստան, մենք ունենալու ենք նոր մարդ: Նոր մարդն ավելի ճիշտ` հին մարդն է: Կոստանդ Զարյանը խոսում էր «արարատյան» մարդու մասին, ով ունի ամենազարմանալի որակներ` անսահման մարդկային է, անսահման խորն է, ջերմ է, ստեղծագործող է, շինարար է: Թող այս բոլորը միասին կյանքի կոչվի, որովհետև դրա փոխարեն ինչ-որ մի անհեթեթ էրզաց ենք դրել և ամեն մեկս մեզ վերածել ենք անհեթեթության: Այդ անհեթեթությունը պետք է մերժենք»:
Աշոտ Մանուչարյանի նաև նշեց, որ Հայաստանի գլխավոր ձեռքբերումը վերջին տարիներին նոր միտք կրող երիտասարդությունն է:
«Ունենք հոյակապ երիտասարդություն: Ինչ էլ ասենք ապստամբ ժողովրդի հասցեին, ժողովրդին չենք ասում: Շատերն ասում են` «այ, վերնախավում էս մեկը սենց էր, էն մեկը նենց էր…»: Դա նշանակություն չունի: Նույնիսկ այդպիսին լինելով` այդ վերնախավը կարողացավ կյանքի այդ տեսակի դեմ ընդվզող ժողովրդին համախմբել` անկախ նրանից, որ, հնարավոր է, ժողովուրդը ձևակերպումները սխալ է տալիս, ասում է`«էս իշխանավորը գնա, էս ռեժիմը հեռանա, էս տնտեսական համակարգը փոխվի…»:
Իրականում, եթե մի քիչ խորանա, կտեսնի, որ դրանով չի փոխվելու, խնդիրը շատ ավելի խորն է: Արժեհամակարգը պիտի փոխվի, պետք է հրաժարվենք կեղծ աստվածներից: Այս ամենն արդեն ընթացքի մեջ է, և մենք շատ անելիքներ ունենք նոր տարում: Ոչ մի վհատվելու առիթ չկա, հակառակը` շատ բան, որ անհասկանալի էր, հասկանալի է դարձել, շատ բաներ, որոնք համարում էինք, թե ի զորու չենք անելու, այժմ զգում ենք, որ ի զորու ենք, որովհետև թույլ հարվածդ արդյունքի է հասնում, քանի որ դիմացդ կանգնած համակարգը շատ է խեղճացել:
Իսկ շինարարության խնդիրները հսկայական են, դրա համար բազուկը պետք է ամուր լինի: Իսկ ամուր բազուկն այժմ հոգու ամրությունն է: Այն, որ պատկերացնում էինք, շատ փող, կուռ շարքեր, ջարդարարներ և այլն, այդ ամենը պետք է աղբարկղ նետենք: Հիմա նշանակություն ունի միայն միտքը, հոգու մաքրությունը, բարձր իդեալներին ծառայելը: Հայերը եղել են գերխնդիրներ իրականացնող ազգ, և մենք պետք է վերհիշենք մեր այդ վիճակը, դնենք մեր առաջ գերխնդիրներ և դրանք լուծելով` հաստատվենք որպես մարդ և աշխարհն էլ հաստատենք այնպիսին, ինչպիսին պետք է լինի»,- ասաց Աշոտ Մանուչարյանը` ավելացնելով. «Կուզենայի, որ այն, ինչ մարդիկ ձեռքբերում են համարել վերջին տարիներին, այդ ամենը կորցնեն, իսկ այն ամենն, ինչ կորցրել են, ձեռք բերեն»: