Բաժիններ՝

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

2012 թվականը ոմանց համար ձեռքբերումների տարի էր, ոմանց համար` կորուստների: Չնայած ամենօրյա գործունեության ընթացքում մենք առավելապես անդրադառնում ենք մեր կյանքում առկա բացթողումներին, թերություններին, բացասական երևույթներին, սակայն այսօր` Ամանորին կարող ենք բացառություն անել ու արձանագրել. ընդհանուր առմամբ 2012 թվականը Հայաստանի Հանրապետության համար եթե ոչ ձեռքբերումների, ապա ակնհայտ կորուստների բացակայության տարի էր, ինչն արդեն կարելի է դրական գնահատել:

Մեր լրատվամիջոցի համար 2012 թվականը ձեռքբերումների տարի էր. դժվարությամբ, բայց մենք կարողացանք «168 Ժամ» թերթի հրապարակմանը զուգահեռ նախաձեռնել 168.am կայքի աշխատանքը: Հուսով ենք, որ այն զարգանում է ճիշտ ճանապարով, և 2013 թվականը կդառնա 168.am-ի կայացման տարի: On-line լրատվությունը մեզ ավելի մոտեցրեց ընթերցողների հետ, մեր լսարանի հետ կապը դարձավ ավելի անմիջական: Դա պարտավորեցնում է մեր թիմի յուրաքանաչյուր անդամին` լինել ավելի պատասխանատու, ավելի պրոֆեսիոնալ, ավելի անաչառ ու աշխատել ավելի օպերատիվ:

Մենք սիրում ենք 168.am-ի ընթերցողներին` անկախ նրանց քաղաքական պատկանելությունից ու կողմորոշումներից, բոլորին առանց որևէ խտրականության:
Ցանկանում ենք, որ 2013 թվականին մենք ավելի քիչ թվով առիթներ ունենանք անդրադառնալու բացասական երևույթներին: Ցանկանում ենք, որ 2013 թվականը դառնա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման, քաղաքական ու քաղաքացիական ազատությունների իրացման, սոցիալ- տնտեսական իրական հաջողությունների տարի: Ցանկանում ենք, որ 2013 թվականին տեղի ունենան այնպիսի իրադարձություններ, որոնց արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կունենան թեկուզև փոքր, բայց իրական երջանկության պահեր:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս