Արմեն Մարտիրոսյանը կոկորդիլոսի միս չի օգտագործում

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի համար 2012 թվականի ամենամեծ ձեռքբերումն անձնական կյանքում եղել է իր աղջկա դպրոց հաճախելու հանգամանքը:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը: Իսկ ամենամեծ ձեռքբերումը քաղաքական դաշտում, Արմեն Մարտիրոսյանը համարում է 2012 թվականի մայիս 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Ժառանգության» ստացած մանդատները:

Բայց մյուս կողմից, Արմեն Մարտիրոսյանը խոստովանեց, որ տարվա քաղաքական կորուստը խորհրդարանական ընտրություններում ավելի շատ ձայներ չհավաքել էր:

«Մենք չստացանք այն թվով ձայները, որոնց արժանի էինք: Չստացանք ընտրակեղծիքների, բոլոր կողմերից հարձակումների պատճառով և այլն: Մենք բոլորովին այլ պատկեր էինք սպասում»,- անկեղծացավ Ա. Մարտիրոսյանը:

Վերջինս նշեց, որ Նոր տարին անցկացրել է տանը՝ «շատ ավանդական ձևով, ինչպես 40 տարիների ընթացքում անցկացնում է»: Ինչ վերաբերում է տոնական ծախսերին, ապա Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե ինքը մեծ գնումներ չի կատարում և բավարարվում է միջին ծախսերով:

«Սովորական հայկական ընտանիքի ծախս եմ անում: Բայց ծախսը չէ կարևորը, այլ դրական մթնոլորտի ստեղծումը, որը կարողանում ես ստեղծել ընտանիքիդ, հարազատներիդ, ընկերներիդ հետ: Ծախսը միանշանակ էական չէ, համենայնդեպս՝ կոկորդիլոսի միս չենք օգտագործում»,- շեշտեց նա՝ հավելելով, որ հայ ժողովրդին մաղթում է չկարոտել միմյանց:

Հայաստանի ամենամեծ ձախողումը, Արմեն Մարտիրոսյանի խոսքով, խորհրդարանական նորմալ ընտրություններ անցկացնելու շանսը բաց թողելն էր: Նա ցավով նշեց նաև, որ ԼՂՀ հարցում 2012 թվականին Հայաստանը հաղթանակներ չգրանցեց, բացառությամբ ԼՂՀ անկախության ճանաչման՝ Ավստրալիայի Ուելս և ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգների կողմից: Ինչ վերաբերում է Հայաստանի ձեռքբերումներին, ապա Մարտիրոսյանը դրանց շարքին է դասում Հայաստանի ու Եվրամիության միջև ստորագրված  մուտքի վիզաների պարզեցման համաձայնագիրը:

2013 թվականից Արմեն Մարտիրոսյանը մեկ ակնկալիք ունի՝ իշխանափոխություն:

Տեսանյութեր

Լրահոս