
«Հերթական անգամ ապացուցվեց, որ ՀԱԿ ասելով` պետք է հասկանալ միայն Տեր-Պետրոսյան»

«Անձնական առումով` ճիշտ էր, որովհետև պարտությունն անխուսափելի էր, իսկ քաղաքական պայքարի, ընդդիմության խնդիրների լուծման առումով` սխալ էր, որովհետև ռեժիմի դեմ պայքարը նախատեսում է նաև այնպիսի իրավիճակներ, երբ ստիպված ես լինում ակնհայտ պարտության էլ գնալ, բայց դա օգտագործել ընդհանուր պայքարի համատեքստում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը` ի պատասխան հարցին, թե արդյոք ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշումը ճի՞շտ քայլ էր, թե՞ ոչ:
Հարցին էլ՝ իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվելու դեպքում կլեգիտիմացնե՞ր գործող նախագահի իշխանությունը, ինչպես գտնում են ՀԱԿ շատ անդամները, Կարապետ Ռուբինյանը պատասխանեց.
«Ընդհակառակը, իմ ասածից դա չբխեց: Ես Կարծում եմ, որ ընտրություններին առաջադրվելով և պայքարելով թե´ ընտրակեղծիքների դեմ, թե´ բացահայտելով իշխանության հանցավոր բնույթը, օգուտ կտար ընդդիմության պայքարին, հասարակությանը, երկրին»:
Խոսելով Հայ ազգային կոնգրեսի վերջին որոշման մասին` չմասնակցելու նախագահական ընտրություններին և չսատարելու որևէ մեկի թեկնածությանը, Կարապետ Ռուբինյանն ասաց. «Հերթական անգամ ապացուցվեց, որ ՀԱԿ ասելով` պետք է հասկանալ միայն Տեր-Պետրոսյան: Տեր-Պետրոսյանի չմասնակցելու հայտարարությունից հետո որևէ այլ անելիք չկար, ուղղակի փորձել են պայքարից հրաժարվելու համար ինչ-որ նոր բացատրություն գտնել»:
Կարապետ Ռուբինյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք առաջիկայում: