«Երբ ՀԱԿ-ն ԱԺ մանդատ էր ստանում, մոռացե՞լ էր մարտի 1-ի ու կեղծ ընտրությունների մասին»

«Չմասնակցելուն հանգիստ եմ վերաբերվում, չունենք թեկնածու, չենք մասնակցում, բայց գնահատականների հետ ես ընդհանրապես համաձայն չեմ: Երբ որ պառլամենտական ընտրությունների գնում էինք, մարտի մեկը տեղի չէր ունեցե՞լ, թե՞ նախագահական նախորդ ընտրությունները կեղծված չէին: Երբ խնդիրը վերաբերվում է իրենց անձնական գրպանին՝ մանդատը իրենց գրպանը դնելուն, իրենք մարտի մեկն ու կեղծված ընտրությունները մոռանում են և լեգիտիմացնում են իրենց մասնակցությամբ պառլամենտի աշխատանքը, իսկ հիմա խոսում են այն մասին, որ եթե մասնակցենք, ապա կլեգիտիմացնենք»,-galatv.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով ՀԱԿ-ի՝ նախագահական ընտրություններում չմասնակցելու և որևէ թեկնածուին չսատարելու հայտարարությունը, ասել է ՀԱԿ անդամ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Նրա կարծիքով ՀԱԿ-ը պետք է համարձակորեն հայտնի ընտրություններին չմասնակցելու իրական պատճառը, ոչ թե այլ պատճառաբանություններ ներկայացնի:

«Գտնում եմ, որ պետք է տղամարդավարի ընդունել, որ սխալ ուղի ենք վերցրել, սխալ քաղաքականություն ենք վարել և արդյունքում չենք կարողացել հաջողացնել այն, ինչ ուզում էինք իշխանության մաս կազմող Բարգավաճ Հայաստանի, նախկինում ևս իշխանության մաս կազմող Դաշնակցության հետ կոալիցիա ձևավորել և գնալ ընտրություններին: Չի հաջողվել, թող ընդունեն իրենց պարտությունը և չկապեն մասնակցելը այլ բաների հետ»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի առաջադրմանը, ապա Գիմիշյանն ասել է, որ շատ հանգիստ ու նորմալ է վերաբերվում դրան: Սակայն վատ է վերաբերվում ՀԱԿ-ի ՝ նրան չսատարելու որոշմանը:

«Շատ վատ է արել, դա իր գործն է, յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում՝ սատարել, թե չէ: Եթե այդ հարցը քննարկվեր Կոնգրեսում և գոնե մեկ կուսակցություն դեմ լիներ սատարելուն, ապա նման որոշում չէր լինի»,- նշել է նա՝ հավելելով, որ շատ հնարավոր է, որ իրենց կուսակցությունը սատարի Բագրատյանին:

Տեսանյութեր

Լրահոս