«Շարմազանովն ասում է՝ մեր թեկնածուն ֆավորիտն է, առանց հասկանալու, որ այդ բառն օգտագործվում է ձիարշավարաններում». էպոսագետ
ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը ԳԱԼԱ-ի այն հարցին` ի՞նչ ձախողումներ ու նվաճումներ արձանագրվեցին անձնական կյանքում և երկրի հասարակական-քաղաքական կյանքում, պատասխանեց, որ կյանքում երբեք ձախողումներ չի ունեցել: Ավելին՝ 45 տարեկան է, երբեք բարձր ջերմություն չի ունեցել ու չի հիվանդացել, կոտրվածքներ չի ունեցել: Վարդան Սեդրակյանի խոսքով` բոլոր տարիների պես 2012-ն էլ լավ տարի էր իր համար, առանձնահատուկ էր նրանով, որ 2012-ին լրացավ իր ամուսնության 20 տարին:
Ինչ վերաբերում է հասարակության ձեռքբերումներին, ապա էպոսագետը սկսել է պատասխանել սարկազմով՝ ասելով, որ հասարակությունը ոչ մի ձախողում ու կորուստներ չի ունեցել, միմիայն հաջողություններ է ունեցել:
«Հայ հասարակությունը ուղղակի չի կարող հաջողություններ չունենալ, քանի դեռ ունի այդպիսի նախագահ ու այդպիսի Ազգային Ժողով, որտեղ բոլորը «գոհ են ու երջանիկ», անգամ ըմբոստ ընդդիմությունը: Հասարակության «նվաճումներից» էր այն, որ նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացավ, «նվաճումներից» էր պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահելաձևը, այնպես որ՝ սրընթաց գնում ենք «առաջ»: Մեծ «հաջողություններ» գրանցեցինք այն ժամանակ, երբ մեր տկարամիտ վարչապետն ու մանկամիտ քաղաքապետը Երևանը դարձրին խաղահրապարակ` զարդարելով ամռանը կանաչ բադիկներով, ձմռանը` սպիտակ այծիկներով… դա մեծ հաջողություն է,- ասում է նախագահի թեկնածուն:
Ինչ վերաբերում է հանրապետության նախագահին, ապա ըստ Սեդրակյանի, նա «մեծ հաջողություններ» է արձանագրել արտաքին քաղաքականության մեջ, երբ պետական այցով ժամանել էր Ֆրանսիա, իսկ այդ ժամանակ խիստ զբաղված լինելու պատճառով նրան չդիմավորեցին Ֆրանսիայի նախագահը, վարչապետը, Սենատի նախագահը, անգամ արտգործնախարարը, փոխարտգործնախարարը, և, ի վերջո, փոխարտգործնախարարն իր օգնականին ուղարկեց դիմավորելու Հայաստանի նախագահին:
Վարդան Սեդրակյանը չհամաձայնեց այն դիտարկմանը, որ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Սերժ Սարգսյանը կարողացավ չեզոքացնել իր գլխավոր մրցակիցներին: Ըստ նրա՝ ոչ թե Սերժ Սարգսյանն է չեզոքացրել այդ մրցակիցներին, այլ արտաքին կենտրոնների հրահանգով գործող կուսակցություններն ստացել են համապատասխան հրահանգ` չառաջադրվել:
«Մոռացե՛ք, որ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի մրցակիցը կարող էր լինել: Ես միշտ ասել եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հանրապետական կուսակցության դուստր ձեռնարկությունն է: Այնպես որ՝ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելը կարող եք կապել ամեն ինչի հետ, նույնիսկ Տրինիդադ և Տոբակոյի Աշխատանքի նախարարության հետ, բայց ոչ` Սերժ Սարգսյանի հետ: Այնպես որ, ես շնորհակալություն եմ հայտնում թե՛ Գագիկ Ծառուկյանին, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանին, որ չառաջադրվելով իրականում օգնեցին ինձ»,- ասել է նա:
Այն հարցին` ինչպե՞ս եք պատկերացնում մրցակցությունը Սերժ Սարգսյանի հետ, Վարդան Սեդրակյանը պատասխանել է, որ չի սիրում մրցել, ինքը ուղղակի կդառնա նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը կաշխատի իր մոտ որպես ավագ խորհրդական:
«Ես նկատել եմ, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները մարզական հակում ունեն: Օրինակ, պատգամավորներից մեկը մի անգամ ասաց. «Հո մենք մեղավոր չե՞նք, որ շտանգան միայն մենք ենք կարողանում բարձրացնել»: Աշոտյանը հեռուստատեսությամբ ասաց. «Ընտրությունները ֆուտբոլի առաջնության նման մի բան է, թույլը պարտվում է»: Շարմազանովն ասում է. «Մեր թեկնածուն ֆավորիտն է»՝ առանց հասկանալու, որ այդ բառն օգտագործվում է ձիարշավարաններում»,- ասել է էպոսագետը:
Նա նշեց, որ իր նպատակը Հայաստանի քաղաքական ներուժը միավորելն է, իսկ եթե Սերժ Սարգսյանը փորձի կեղծիքներով խաղալ, ապա ավելի վատ կլինի իր համար, քանի որ, ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը քաղաքական առումով կհայտնվի «իզգոյի» իրավիճակում: Հիմա էլ Սերժ Սարգսյանին սատարում է միմիայն Հանրապետականը և ՕԵԿ-ը: