2013թ-ը վերջ կդնի չընտրություններին.Լ.Ալավերդյան
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, նախորդ գումարման խորհրդարանի «Ժառանգություն» խմբացկության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը ՀԱԿ-ի հայտարարությունը` ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ, համարում է մտահոգիչ մեկ այլ քաղաքական ուժի մարտավարության նմանության պատճառով:
« Ինձ հուզում է նմանությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշման հետ: Փաստորեն, ժամանակին լրիվ իշխանական և ժամանակին լրիվ ընդդիմադիր ուժերը որոշեցին նույնատիպ վերաբերվել այս ընտրություններին: Սա մեծ հետաքրքրություն է ներկայացնում իրենից, և կարծում եմ, որ քաղաքագետները կանդրադառնան այդ թեմային»,-168.am-ի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը:
Նրա կարծիքով, ՀԱԿ-ը բոյկոտի կոչ չի անում, քանի որ այն արդյունավետ չէ, բայց մյուս կողմից էլ ակտիվ ուժից վերածվում է պասիվի: «Դա կարող է շատ ուժեղ հարված լինել ՀԱԿ-ի ապագայի համար»,-կարծում է նախկին պատգամավորը:
Լարիսա Ալավերդյանը նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրումից հետո Կոնգրեսի՝ նման որոշումը լիովին սպասելի էր: Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը, Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ դեռ երկու ամիս առաջ էր ինքն ասել, որ առաջին նախագահը, չցանկանալով ավելի քիչ ձայն հավաքել, քան 2008թ-ին, չի առաջադրվի 2013թ-ի ընտրություններում:
Թեև ՀԱԿ-ի որոշումը առաջին օմբուդսմենը նմանեցրեց ԲՀԿ-ի դիրքորոշման հետ, սակայն նշեց, որ կուսակցության ապագայի վրա կարող է նույն ազդեցությունը չունենալ, քանի որ ԲՀԿ-ն ավելի բազմաշերտ ուժ է: «Այստեղ ամենատարբեր զարգացումները կարող են տեղի ունենալ:Ես կարող եմ ասել, որ հնարավորությունների ամենահարուստ սպեկտրը առայժմ պահպանել է ԲՀԿ-ն»,-նշեց «Ժառանգության» նախկին պատգամավորը:
Անդրադառնալով ՀՅԴ-ի որոշմանը` Լարիսա Ալավերդյանը նշեց, որ այս ընդդիմադիր ուժը ևս փաստորեն որոշեց ակտիվությունը թուլացնել:
«Ընտրություններն այն պահն են, երբ քաղաքական ուժերի ակտիվությունը պետք է ավելի բարձր լինի: Եթե ինձ ասեն, որ այդպիսի դիրքորոշումը ևս ակտիվ է, ես չեմ հավատա»,-նշեց Լարիսա Ալավերդյանը: Հիշեցնենք՝ ՀՅԴ-ն, թեև հայտարարեց , որ թեկնածու չի առաջադրում, սակայն նշեց, թե իրենք պասիվ դիրք չեն գրավում և ակտիվորեն հետևելու են ընտրություններին:
Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ ընդդիմությունը վերջին 1.5 տարվա ընթացքում թուլացրեց վստահության այն պաշարը, որը կուտակվել էր 2008-2010թթ. ընթացքում: Այդ ամենով հանդերձ, առաջին օմբուդսմենը լավատես է:
«Ես կարծում եմ, որ այս ամենն այդքան էլ տխուր չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Ես համոզված եմ, որ 2013թ-ը վերջ կդնի չընտրություններին: Այս առումով նոր ուժերի գալու պահը հասունացած է: Դա ոչ թե լոկ վերացական լավատեսություն է, այլ այդ նոր ուժերը, նոր դեմքերը նշմարվում են»,-ամփոփեց Լարիսա Ալավերդյանը: