«Կտեսնեք, եթե ՀԱԿ-ը չկա՝ մարդիկ չեն գնալու ընտրությունների»
Մինչև 2013թ. փետրվարին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունները, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հանրահավաքներ չի կազմակերպի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը: «Եթե նորից ոչ լեգիտիմ նախագահ ունենանք՝ կլինեն երթեր, միտինգներ»,- նշեց նա:
Գ. Եղիազարյանի կարծիքով՝ 2013 թվականի նախագահական ընտրություններում ընտրատեղամասերը կլինեն միանգամայն դատարկ: «Նույնիսկ, եթե ողջ ռեսուրսը օգտագործեն իշխանությունները, դա ընդամենը կապահովի 20-25 տոկոսը: Ընտրատեղամասերը կլինեն դատարկ: Եթե անգամ իշխանությունն իր վարչական ապարատն էլ գործի դնի՝ բարեկամներով, հարազատներով ընտրացուցակներ կազմեն, միևնույն է, չեն ապահովի մարդկանց մասնակցությունն ընտրություններին: Եթե անգամ նույնիսկ գործի դրվեն մեռած հոգիները… Դուք հիմա կտեսնեք, որ ՀԱԿ-ը չի մասնակցում, ի՞նչ վիճակ է լինելու ամսի 18-ին. ուղղակի դատարկ հավաք»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:
Գուրգեն Եղիազարյանը վստահեցրեց, որ իշխանությունները կկիրառեն անգամ կաշառքի, ընտրողներին տեղամասեր մեքենաներով տեղափոխելու տարբերակները: «Ստիպված կլինեն գումարներ բաժանել, որ զանգվածը դուրս գա ընտրությունների: Որովհետև առանց կաշառքի՝ ընտրությունների մարդիկ չեն գնա: Կարծում եմ, որ էլի 10.000-ականներ կբաժանեն, որ մարդիկ գնան»,- ավելացրեց նա: